Խոյ համաստեղության դիցույթը
Խոյը կենդանակերպի երկրորդ ամենափոքր համաստեղությունն է, և սկզբունքորեն կազմված է ընդամենը երեք ոչ պայծառ աստղերից, սակայն Խոյի պատմությունն ու դիցաբանությունը տանում է մեզ դեպի հեռավոր ժամանակները: Այն արու ոչխարին է նմանեցվում, այս կենդանին տարածված էր Մերձավոր Արևելքի քոչվոր ցեղերի շրջանում և հետագայում տարածում գտավ նաև ավելի նստակյաց, գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ զբաղվող ցեղերի շրջանում:
Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ նրա, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։ Ըստ Հակոբ Ղրիմեցու՝ Խոյ է կոչվում գարնան առաջին կենդանակերպը, քանի որ «խոյը ծննդական է», և Արեգակը, այդ կենդանակերպում գտնվելիս, «Երկիրը շարժում է ծննդականության»։ Հին հույներն այս խմբի աստղերը ներկայացրել են՝ իբրև արու ոչխար, որի Ոսկե գեղմը գողացել են, հետագայում հյուսելով բազում առասպելներ դրա շուրջ: Իսկ հին եգիպտացիներն այս կենդանուն ասոցիացրել են իրենց գլխավոր Արևի աստծու՝ Ամոն Ռայի հետ, և գուցե դրա հետ է կապված, որ բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը՝ հրդեհը, արևի փայլն ու բնության զարթոնքը:
6000 տարի առաջ Արեգակն այս համաստեղության ձմեռային արևադարձում էր, որն էլ որոշ մշակույթներում նշանավորվել է՝ որպես տարեմուտ: Սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք համաստեղությունն այդքան վաղուց է մարդկությանը հայտնի եղել: Մ.թ.ա. մոտ 1800թ. գարնան սկզբին Արեգակը եղել է Խոյ համաստեղությունում, որը շատ քաղաքակրթություններում ազդարարել է նոր տարվա սկիզբը, մինչև 16-րդ դարի սկիզբ այդպես է եղել նաև Եվրոպայում, մինչ Հուլյան օրացույցի փոփոխումը Գրիգորյան օրացույցի հետ: Դեռևս մ.թ.ա. 2-րդ դարին աստղագետ Հիպարկուսը կատարեց երկնքի առաջին համապարփակ քարտեզագրում՝ ցույց տալով գարնանային գիշերահավասարը և երկնքում այն կետը, որտեղ Արեգակն ընկած է՝ որպես «առաջին կետի Խոյ»:
Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնելով հյուսիսային կիսագունդ՝ ազդարարում է աստղագիտական գարնան սկիզբը: Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին, և այժմ` 20-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Նախկինում աստղագիտական տարվա սկիզբը համընկնում էր Խոյի համաստեղության առաջին օրվա՝ մարտի 21-ի հետ, երկրի պրեցեսիայի պատճառով Արեգակը գարնան սկզբից գտնվում է Ձկան համաստեղության ներքո և դուրս չի գալիս մինչև ապրիլի 19-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ