Բաժիններ՝

«Եթե իրական հանրաքվե լինի, առնվազն 99 %-ը դեմ կարտահայտվի». Լյովա Խաչատրյանը՝ համայնքների խոշորացման հանրաքվեի մասին

«Այն տեսքով համայնքների խոշորացումը, որն այսօր ուզում են իրականացնել, ես դրան դեմ եմ կտրականապես և գտնում եմ՝ դա ոչինչ չի տալու համայքներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համայնքների խոշորացման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Լ. Խաչատրյանը կողմ է շրջանային խոշարացմանը, բայց կարծում է՝ հիմա ընդհանրապես նման գործընթացների ժամանակը չէ. «Ես սկզբունքորեն դեմ եմ այսօր ցանկացած ծախսված լումային, որը չի ուղղվում աշխատատեղերի բացմանը, նոր արտադրությանը, և այլն: Հիմա 70% գումար պետք է ուղղվի այստեղ, իսկ մնացածը՝ սոցիալական խնդիրների լուծման համար»:  Պատգամավորը 2 պատճառով է դեմ այդ ձևով համայնքների խոշորացմանը. «Առաջին՝ այդ տեսքով ոչ մի բան չի տալիս՝ բացի քաշքշուկից, դժվարություններից գյուղացիների համար, երկրորդն էլ՝ գումար է ծախսվում»:

Լ. Խաչատրյանը համաձայն է, որ համայնքապետարանում 4-5 աշխատողի անհրաժեշտություն չկա. «Բայց այսօր մի՞թե սա է այն հիմնական տեղը, որտեղ պետք է խնայել, եկեք կառավարման համակարգից սկսենք կրճատումները, եթե ուզում եք կրճատում անել: Ա՛յ, սկսենք մի 100 հազարով կրճատենք պետական ապարատը, որը, բացի ընտրություններին մասնակցելուց, ուրիշ գործառույթ չունի:  Իսկ երբ գյուղերը սկսեն լավ ապրել, այն ժամանակ ուզում եք՝ 2 գյուղ միացրեք, ուզում եք՝ 3 գյուղ, գյուղացին չի էլ նկատի՝ 5 կլիոմե՞տր կգնա իր խնդիրների հետևից, թե՞ 100 մետր: Գյուղապետն այսօր համայնքի ծնողի պես մի բան է: Ցանկացած խնդրով մարդը քնից հելնում է, հասնում է գյուղապետի մոտ: Հիմա շատ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը, նրանք, եթե շատ ուզենան էլ, համայնքի կենտրոն չեն կարող  գնալ: Հիմա գոնե փայտը ձեռքներին՝ հասնում են գյուղապետի մոտ՝ ասում են իրենց դարդը»:  Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք և Սյունիք մարզի Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում խոշորացման նպատակով հանրաքվե կանցկացվի: Հարցին՝ ինչպիսի՞ն կլինեն հանրաքվեի արդյունքները՝ Լ. Խաչատրյանը պատասխանեց, որ, եթե իրական հանրաքվե լինի, առնվազն 99 %-ը դեմ կարտահայտվի:  «Այս համայնքապետերը պետք է հասկանան, որ իրենց թոռներին կասեն՝ քո պապը արեց, եթե համոզված չես, դու իրական քո կարծիքն արտահայտիր, մի պարտադրվի, որովհետև անցնելու է 50 տարի՝ թոռանդ ասելու են՝ քո պապն արեց: Եթե համոզված ես՝ խնդիր չկա, ասա, բայց ճնշման մի ենթարկվի, մի ենթարկվի այնպիսի բաների, որոնց համար հետո քո հետնորդներն են զղջալու»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս