
Ռուսաստանում ալկոհոլի չարաշահման պատճառով տարեկան մահանում է 500.000 մարդ. OECD

Newsru.com-ի փոխանցմամբ` Ռուսաստանն այս կամ այն կերպ ալկոհոլի չարաշահման հետ կապված մահացության ցուցանիշով (30 տոկոս), ինչպես նաև երիտասարդության շրջանում հարբեցողության աճի տեմպերով առաջին տեղն է գրավում աշխարհում:
Այս մասին նշված է Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության (OECD) հաշվետվությունում, որն առնչվում է 1992-2012 թվականներին: Ռուսաստանում ալկոհոլի չարաշահման պատճառով տարեկան մահանում է 500.000 մարդ:
Հաշվետվության համաձայն` նշված 20 տարում զարգացած երկրներում ալկոհոլի սպառումը միջին հաշվով նվազել է 2.5 տոկոսով: 2012 թվականին OECD-ի կազմում ընդգրկված երկրներում բնակչության մեկ շնչին բաժին է ընկել տարեկան միջին հաշվով 9.1-ական լիտր մաքուր ալկոհոլ:
Այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել Էստոնիայում, Ավստրալիայում ու Ֆրանսիայում` մոտ 12 լիտր: Ամենաքիչն ալկոհոլ օգտագործում են Իսրայելում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում ու Ինդոնեզիայում:
Զեկույցում նշված է, որ չնայած ալկոհոլի նկատմամբ հետաքրքրության ընդհանուր նվազեցմանը` բազմաթիվ երկրներում նկատվում է հակառակ արդյունք: Երիտասարդության շրջանում հարբեցողության աճի տեմպերով առաջատարներն են Ռուսաստանը, Էստոնիան, Հնդկաստանն ու Չինաստանը:
Նմանատիպ վտանգավոր միտում է նկատվում նաև Նորվեգիայում, Իսլանդիայում, Լեհաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում: Միևնույն ժամանակ ամենաքիչն ալկոհոլ օգտագործում են իտալացի, ֆրանսիացի ու սլովենացի երիտասարդները: