Բաժիններ՝

«Այլ կերպ». այս խաղը կարճ ժամանակում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել

301 քարտից և մեկ ավազե ժամացույցից բաղկացած այս խաղը կարճ ժամանակում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել և ձեռք բերել նվիրված երկրպագուներ:

Խաղը բաղկացած է 301 քարտից, որոնց վրա գրված են հայերեն բառեր (ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ ու բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ և տեղանուններ): Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով:

Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով: Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի վերցնել հաջորդ քարտը: Բացատրելիս բառի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ: Հակառակորդ թիմից որևէ մեկը կարող է հետևել, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում թիմը կորցնում է մեկ միավոր:

Խաղը մշակել և իրականություն են դարձրել 3 ընկերներ՝ Անահիտ Հակոբյանը, Սոֆյա Խաչատրյանը և Էլինա Մելիքյանը: Նրանց հետ էլ զրուցեցինք «Այլ կերպ»-ի մասին:

Կարդացեք նաև

– «Այլ կերպ» խաղի առաջնություն է արդեն կազմակերպվում: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ովքե՞ր են մասնակից թիմերը:

– Ի զարմանս մեզ, խաղն ի սկզբանե սիրվեց և մեծ պահանջարկ ձեռք բերեց ակումբներում և, այսպես կոչված, անտի-կաֆեներում: Ավելին, այն կարծես խթանեց սեղանի խաղերի մշակույթը մեզ մոտ: Այսօր նույնիսկ հատուկ սեղանի խաղերի օրեր են հայտարարվում: Այդպես մեր քաղաքի անտի-կաֆեներից մեկը որոշեց «Այլ կերպ»-ի մրցաշար անցկացնել. հայտարարեց թիմերի հավաքագրում, իսկ մեզ՝ որպես խաղի հեղինակներ, կանչեցին հետևելու ընթացքին: Հաճելի էր իմանալ, որ մասնակցության հայտերը նույնիսկ նախատեսվածից ավելին էին, իսկ մասնակիցները շատ ավելի արհեստավարժ էին խաղում, քան, եթե մենք լինեինք նրանց տեղը: Իհարկե, մասամբ նաև խաղաքարտերն էին օգնում: Ուստի նրանց փոքր անակնկալ մատուցեցինք՝ հատուկ եզրափակիչ փուլի համար նոր բառերով քարտեր պատրաստեցինք: Մասնակիցները խոստովանեցին, որ շատ ավելի հետաքրքիր էր նոր բառերով խաղալը: Իսկ մենք խոստացանք, որ մինչև տարեվերջ կթողարկենք նոր քարտեր՝ առավել հետաքրքիր և, գուցե, ավելի բարդ բառապաշարով:

Ayl kerp (2)

– Խաղն ո՞ւնի հեռուստատեսային նախագիծ դառնալու միտումներ:

– Այդ մասին մտածել ենք դեռևս հեղինակային իրավունքները պաշտպանելու հարցերով զբաղվելիս: Կարծում ենք՝ այո՛, ունի այդ հնարավորությունը, հատկապես, որ «Լեզվի պետական տեսչությունն» իր եզրակացության մեջ առանձին տողով նշել է, որ խաղի առաքելությունն ավելի լայն մասսաներին հասցնելու համար հետագայում կարելի է նախաձեռնել հեռուստատեսային տարբերակը:

– Որքա՞ն ժամանակ է վաճառքում և արդյոք արդարացնո՞ւմ է Ձեր սպասելիքները՝ թե՛ վաճառքի և թե՛ հետաքրքրություն առաջացնելու առումով:

– Խաղը վաճառքում է դեռևս 2014թ. դեկտեմբերից: Առաջին արձագանքները բավականին գոհացուցիչ էին: Շատերն են ողջունում այս նախաձեռնությունը և նույնիսկ ակնկալում հայերենով այլ խաղեր:

– Մենք` հայերս, բավականին այլախոհ ենք և մեծամասամբ թերահավատորեն ենք վերաբերվում այն ամենին, ինչը հայկական է, հայեցի և հայատառ: Կարծում եք՝ «Այլ կերպ» խաղը կարո՞ղ է դառնալ, օրինակ՝ հայտնի «Մաֆիա» խաղի պես տարածված և սիրված:

– Կարծում ենք՝ խնդիրը ոչ թե այլախոհությունն է, այլ որակյալ արտադրանքի պակասը: Մենք առաջնային նպատակ ենք ունեցել իրոք լավ բան ստանալ և՛ բովանդակային, և՛ որակային առումով: Այդպիսով փորձել ենք նաև որոշակի լումա ունենալ՝ հայկական արտադրանքի նկատմամբ հասարակության վստահությունը մեծացնելու հարցում:

Ayl kerp (1)

– Որքա՞ն արժե խաղը, և ինչի՞ց դրդված պետք է գնորդը ձեռք բերի այն:

– Խաղի վաճառքի գինը սահմանում են խանութները: Մենք ունենք մեծածախի սահմանած գին, որով տրամադրում ենք վաճառք իրականացնողներին: Սպառողի համար գնելու շարժառիթները մի քանիսն են՝ ժամանց՝ առանց համացանցի, ժամանց՝ հայերենով և, վերջապես, մայրենի լեզվի իմացությունը կատարելագործելու միջոց. փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ իրենց հայերենի գիտակ համարողները խաղից հետո ստիպված են եղել դիմել բառարանի օգնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս