Բաժիններ՝

«Խնդիրները հաղթահարելու համար հարկավոր է քաղաքական կամք, համարձակություն»

«Ճգնաժամից հետո դժվար միջավայր էր և դժվար պայմաններ՝ տնտեսության դիվերսիֆիկացմամբ զբաղվելու համար: Դրանից հետո է երկիրը սկսել քայլ առ քայլ աշխատել այդ ուղղությամբ: Այդ առումով որոշակի աշխատանքներ կատարվել են՝ էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը, ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումները, սրանք առաջընթաց են: Բայց մի կարևրագույն փոփոխություն, որ 2009 թ. անկումից հետո տեղի ունեցավ, դա տնտեսության վարկավորումն է բանկերի կողմից: Եթե 2009թ. բանկերը 9% վարկավորում ունեին, ապա այսօրվա դրությամբ դա 50%-ից ավելին է կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը՝ պատասխանելով հարցի, թե 2009-ից հետո ՀՀ իշխանությունը շատ էր խոսում տնտեսության դիվերսիֆիկացման մասին, որքանո՞վ է դա հաջողվել:

Մ. Դեվիսը նշեց, որ վարկավորման ծավալների ավելացումը հնարավորություն է ընձեռել այն սկսնակ բիզնեսներին, որ մոնոպոլ խմբերի անդամներ չէին, բայց ունեին գաղափարներ, օգտվել վերը նշված հնարավորությունից և զարգացում ունենալ և դա այն պատկերն է, որի ականատեսն ենք եղել վերջին տարիների ընթացքում: Սակայն, ըստ նրա, ավանդական վարկերի տրամադրման պատկերը, որ գրավի դմաց էին վարկ տալիս, իրեն սպառել է ու չի եղել այն աստիճան դրական, որ հնարավոր էր կանխատեսել:

Մ. Դեվիսի խոսքով՝ դա է պատճառը, որ երկրի օժանդակության ռազմավարության մեջ առանձնահատուկ շեշտադրում է կատարվում ՓՄՁ զարգացմանը և նրանց կողմից ֆինանսական միջոցների հասանելիությանը, շեշտադրում է կատարվում բանկային ոլորտին: Նա նշեց, որ դա իր հերթին նշանակում է ներդրումներ կատարել կոնսոլիդացված բանկերի մեջ, որոնք ավելի բարդ վարկավորման հնարավորություն ունեն, կարող են տեղական արժույթով վարկավորել. «Այս ֆինանսական գործիքները հնարավորություն կտան ժամանակի ընթացքում դիվերսիֆիկացման հասնել»:

«Խնդիրները հաղթահարելու համար հարկավոր է քաղաքական կամք, համարձակություն: Երկու տարվա ընթացքում շարժ կա, նախ՝ ընդունվել է, որ նման մարտահրավեր գոյություն ունի»,- ասաց Մ. Դեվիսը՝ որպես դրական օրինակ ներկայացնելով Վրաստանի փորձը, որտեղ 2000-ականների սկզբներին ՀՀ-ի համեմատ տարբերությունը մեծ չէր, բայց այս տարիների ընթացքում Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս