Պարտք վերցնելու կարողություններն անսահման չեն
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին կարծում է, որ ընդհանուր առմամբ դրական երևույթ է, երբ էլեկտրաէներգիայի սակագինը մոտենում է նրան, ինչ արտացոլում է իրական արժեքը: Սակայն, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Չակրաբարտին, դրա հետ մեկտեղ հարկավոր է պաշտպանել խոցելի խմբերին:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկվում է կոնկրետ բանաձևով: Նա էներգաարդյունավետության նախաձեռնությունների հետ մեկտեղ կարևորեց բնակչության խոցելի խմբերի պաշտպանության իրականացումը. «Հիմնական հարցն այն է, որ ՀՀ-ն պետք է շարունակի ներդրումներ կատարել իր էներգահամակարգում: ՀՀ պետական պարտքը հասել է ՀՆԱ 50%-ին և պարտք վերցնելու կարողություններն անսահման չեն: Գալիս է պահ, որ երկիրն այլևս չի կարող պարտք վերցնել: Եթե ցանկանում եք ներդրումներ կատարել այդ համակարգում, պետք է մասնավոր հատվածին ներգրավել, դրա համար էլ պետք է սակագինը շահավետ լինի: Մենք չենք ցանկանում անտեսել սակագնի բարձրացման հետ կապված բացասական կողմը, բայց նաև չենք ուզում անտեսել այն կարևորությունը, որ տնտեսապես ձեռնտու է էներգախնայողության ոլորտում ներդրումներ անեն և դա ավելի կենսական է ընդհանուր տնտեսության առումով: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է ներդրումներ կատարել ՀՀ-ում վերականգնվող էենրգետիկայի ոլորտում»: