Կուչինայի գներն ու սոված ուսանողները
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել է, որ թե պետական, թե մասնավոր բոլոր բուհերի բուֆետները պետք է մատչելի լինեն ուսանողների համար: Սակայն ամեն բուֆետ չէ, որ աշխատում է տվյալ սկզբունքով: Բայց ավելի կոնկրետ անդրադառնանք մի բուֆետի, որն ամենից շատն է խախտում տվյալ սկզբունքը: Դա ԵՊՀ-ի շենքերից մեկի՝ Ռոմանո-գերմանական ֆակուլտետին հարակից, Կուչինա բուֆետն է:
Այս բուֆետի տնօրինությունն օգտվելով այն հանգամանքից, որ սոված ուսանողները շտապում են այնտեղ՝ վայելելու տաք ուտեստներն ու աղցանները, սովորականից ավելի բարձր գներով է վաճառում յուրաքանչյուր մթերք: Այստեղ աղցանների, տարբեր ուտեստների մեկ չափաբաժինը սկսվում է երկու հարյուր հիսուն դրամից և ավելին, իսկ մեկ բաժինը հավասարազոր է երկու գդալի պարունակությանը:
Դեռ ավելին, եթե անցած տարի կարելի էր մի բանը գնել ավելի հարմար գնով, ապա այս տարի նկատվում է ապրանքների որոշակի գնաճ: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված ապրանքների հիսուն դրամով և ավելի թանկացումը, բուֆետի աշխատողները պատասխանեցին, որ շուկայում ամեն ինչ նույնպես թանկացել է:
Այս բուֆետն իր բարձր գներով առանձնանում է այլ բուֆետներից, որտեղ մթերքների գները համեմատաբար ավելի ցածր են: Բարձր են գները ոչ միայն տարբեր կարկանդակների, աղցանների, այլև զովացուցիչ ըմպելիքների, սուրճի ու թեյի:
Կուչինայում մեկ բաժակ թեյը 150 դրամ է, մեկ բաժակ կապուչինոն և տաք շոկոլադը՝ 300 դրամ, «Մակ կոֆեն»՝ 200 դրամ, մինչդեռ Երևանի Տնտեսագիտական և Մանկավարժական համալսարաններում՝ 50 դրամով և ավելի պակաս: Այստեղ ֆրիի կես բաժինը 200 դրամ է՝ ի տարբերություն Մանկավարժական համալսարանի, որտեղ ֆրիի կես բաժինն արժե 150 դրամ:
Ի տարբերություն մթերային խանութների, այստեղ գները նույնպես բարձր են: Խանութից կարկանդակն և փքաբլիթը, բուլկին կարող ես գնել ամենաշատը 100 դրամով: Ի սկզբանե Կուչինայում նույնպես այդ գինն էր, բայց կիսամյակ առ կիսամյակ բարձրանալով՝ արդեն 100 դրամի փոխարեն՝ դարձել է 180 դրամ: Հարց է ծագում. արդյո՞ք, եթե նույն մթերքն է, ապա ինչո՞վ է պայմանավորված այս բուֆետի գնաճը՝ համեմատած այլ բուֆետների: Ուսանողներից շատերն են դժգոհ այդ գներից, բայց այն մոտակայքում միակն է: Հավանաբար դա է պատճառը, որ այս բուֆետը միշտ լեցուն է ուսանողներով, իսկ ամենից երկար դասամիջոցի ժամանակ այստեղ շատ դժվար է որևէ ազատ սեղան գտնել:
Կարինե Սարգսյան
Ժուռ. ֆակուլտետ, երկրորդ կուրս