Բաժիններ՝

«Ունենք գյուղեր, որտեղ ձմռանը ոչ մի բնակիչ չկա, այդ բնակավայրը պետք է համայնք կոչվի՞»

Այսօր Ազգային ժողովում «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը նկատեց, որ սխալ անուն է ընտրվել բարեփոխման համար և խոշորացման փոխարեն պետք է ընտրեին «կառավարման մարմինների խոշորացում» ձևակերպումը:

«Սյունիքի մարզում գտնվում է Քաշունի համայնքը, ուր հասնելու համար պետք է Տաթևից գնալ, ինչ-որ մի կետում, կոտրված «գռուզավիկի» մոտից թեքվել ձախ ու քարքարոտ դաշտամիջյան ճանապարհով հասնել գյուղ: Սակայն այդ գյուղում կա ընդամենը 11 տուն ու միայն 3 բնակիչ»,- ասաց Վահան Մովսիսյանը՝ նշելով, որ այդպիսի ճակատագրով գյուղեր ՀՀ-ում առնվազն 50-ն են:

«Ունենք գյուղեր, որտեղ ձմռանը ոչ մի բնակիչ չկա: Արդյոք այդ բնակավայրը պե՞տք է համայնք կոչվի: Դա շատ մեծ ճոխություն է: Այդ համայնքներից շատերը ֆինանսական կարողություն չունեն, բյուջեի 95% ծախսվում է ապարատի պահպանման վրա: Մինչև 1000 բնակչություն ունեցող գյուղերում էլ բյուջեի 95% ծախսվում է ապարատի պահպանման վրա: Շատ գյուղերում գյուղապետին կոչում են նախագահ: Այսինքն՝ այդ գյուղերում գյուղապետի ինստիտուտը չի էլ ձևավորել»,- ասաց Վ.Մովսիսյանը:

Ըստ նրա՝ շատ շահարկվում է տեղեկանք տալու խնդիրը, ինչը, փորձագետի կարծիքով, ազնիվ չէ, դրանով բնակչությանը նախատրամադրում են: Նա օրինակ բերեց Թումանյանի փունջը, որում ներառված համայնքների ելքն անցնում է Թումանյանով:

Վ.Մովսիսյանը նշեց, որ ամենաշատ շահարկվում է նաև Վրաստանի օրինակը, սակայն այնտեղ քաղաքական խնդիր կա, որ իշխանությունը չի ուզում ազգային փոքրամասնություններին կառավարման սեփական մարմիններ ստեղծելու հնարավորություն տան:

Վ.Մովսիսյանի խոսքով՝ խոշորացման արդյունքում ֆինանսական միջոցներ կտնտեսվեն, մասնավորապես, այսօր ՏԻՄ համակարգում 100 մլրդ դրամ կա, որը երկու ուղղությամբ է ծախսվում՝ վարչակազմը պահելու և կապիտալ ծախսեր: Սակայն, փորձագետը նշեց, որ համայնքի զարգացմանն ուղղվող կապիտալ ծախսեր համայնքներում չեն գոյանում, որովհետև գումարը գնում է վարչակազմի պահպանմանը: Նա նշեց, որ խոշորացման արդյունքում 30 մլրդ դրամ կգոյանա, որը կապիտալ ծախսերի համար քիչ չէ:

Փորձագետի խոսքով՝ այսօր համայնքներում ամենակարևոր հարցը մեկն է՝ «չենք հավատում», և այդ պնդումն այսօր պատասխան չունի. «Պետք է այդ ուղղությամբ աշխատել, որ մարդկան վստահությունը բարձրացվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս