Բաժիններ՝

«Մենք որևէ կազմակերպության ստուգում անավարտ չենք թողնում». ֆինանսների փոխնախարարը՝ Ծառուկյանի բիզնեսների ստուգման մասին

Այս տարվա փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանին «նվիրված» ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»:

Ս.Սարգսյանը հորդորել էր ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

Այսօր լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին, թե այդ ստուգումներն ի՞նչ վիճակում են:

«Ստուգումները դեռևս ընթացքում են և չեն ավարտվել: Կարծում եմ, երբ կավարտվի, տեղեկատվություն կլինի»,- ասաց Միրումյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀԿ-ականների բիզնեսներում «արդյունքներ» կան, այսինքն՝ խախտումեր հայտնաբերվում են, բայց Ծառոււկյանի բիզնեսներում, որ հրապարակավ կասկածներ են հնչել, դեռևս ոչինչ չի հայտնաբերվել, փոխնախարարը պատասխանեց, որ «դեռ չի հայտնաբերվել» հարցադրումը տեղին չէ, որովետև կան օրենքով սահմանված ժամկետներ և օրենքով սահմանված դեպքեր, որոնք պահպանելով պետք ավարտեն ստուգումները.

«Անգամ դեպքեր են լինում, երբ ստուգումները կասեցվում են, երբ ընկերությունը գործընկերային հարաբերությունների մեջ է օտարերկրյա ընկերության հետ և շատ դեպքերում պետք է հարցում ուղարկվի և օտարկրյա պետությունից ստացվեն համապատասխան հարցումների պատասխանները»:

Վ.Միրումյանը չահամաձայնեց դիտարկման հետ, որ Սերժ Սարգսյանը ասել էր, թե որպես գործարար գործ չունի Ծառուկյանի հետ, և այժմ, երբ նա քաղաքականությունից դուրս է, գուցե հրահանգ կա չշարունակելու ստուգումները, քանի որ Ծառուկյանն այլևս թիրախ չէ:

«Այն բոլոր կազմակերպությունները, որոնք ենթակա են ստուգման, ստուգվում են և ստուգումները հասցվում են ավարտին: Մենք որևէ կազմակերպության ստուգում անավարտ չենք թողնում»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս