Խուլիգանություն գիշերային ակումբում. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մարտի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը Աբովյանի քաղաքում գործող գիշերային ակումբում խախտել է հասարակական կարգը, վիճաբանել ակումբի աշխատակիցների հետ։ Քննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երիտասարդը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել, ում փորձել է օգնել ակումբի աշխատակիցներից մեկը ու առաջացել է վիճաբանություն:
Ապա առերեւույթ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել ակումբի ետնամաս, որտեղ շարունակել է վիճաբանել հավաքվածների հետ, հայհոյել, բռնություն գործադրել անվտանգության աշխատակիցների նկատմամբ՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական Կոմիտե