Ապրիլի 24-ից հետո Հայաստանը վերադարձավ իր նույն ահռելի մարտահրավերներին. Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ապրիլի 24-ին հավուր պատշաճի նշվեց, բայց ապրիլի 25-ից աշխարհն անցավ իր սովորական քաղաքական անցուդարձին, Հայաստանն էլ վերադարձավ իր առօրյա՝ անվտանգության, գոյատևման և սոցիալ-տնտեսական կացության համար նույն ահռելի մարտահրավերներին:

«Այս առումով Ցեղասպանության հիշատակման միջոցառումները ոչինչ չեն փոխել և չէին կարող փոխել: Երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների և անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում: Արտագաղթը շարունակվում է աղետալի տեմպերով, իսկ վերջին շրջանում դեռ մի բան էլ ավելացել է: Ընտրությունները շարունակվում են կեղծվել՝ օտարելով քաղաքացիներին պետական կառավարման ինստիտուտներից: Քաղաքական ընդդիմախոսները, ովքեր վտանգ են ներկայացնում իշխող ռեժիմի համար, ենթարկվում են բռնությունների և ռեպրեսիաների»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ նշելով, որ այսօր 16 քաղբանտարկյալներ գտնվում են բանտերում:

Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-ամյակը ճիշտ նշելը կնշանակեր ստեղծել հզոր, ազատ, ժողովրդավարական պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, բարեկեցիկ և ստեղծարար կյանքի ապահով օրրան:

Տեսանյութեր

Լրահոս