«Իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով պետություն չես կառուցի». Ստեփան Դեմիրճյան

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։ Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը»,- այսօր ԱԺ հայտարարությոնների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Ս.Դեմիրճյանը նշեց, որ պետք է հզորացնել պետությունը, ամրապնդել պետականությունը, Հայաստանը դարձնել զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար. «Իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով պետություն չես կառուցի։ Երկրում օրինականության և արդարության հաստատում, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալում և անպատժելիության վերացում, տնտեսության առողջացում և աշխատատեղերի ստեղծում, աղքատության հաղթահարում, արտագաղթի կասեցում։ Սրանք են այսօրվա առաջնահերթ խնդիրները։ Եվ այս խնդիրների լուծման համար ամենևին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել։ Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել»։

Տեսանյութեր

Լրահոս