«Ասենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խակ էր, բայց դու պետության ղեկավար ես…». Պարույր Հայրիկյանը՝ Սերժ Սարգսյանին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք 100 տարի անց մենք ունե՞նք ձևակերպված պահանջներ Թուրքիայից, և, եթե չունենք, ո՞ւմ բացթողումն է, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց. «Մենք ունենք միջազգային իրավունքի լավ մասնագետներ, նրանք տարբեր իրավիճակների համար լուծումներ են առաջարկում, առաջնորդվում են նաև միջազգային փորձառությամբ»:
Նրա խոսքով՝ մենք ունեցել ենք ՊԱԿ-ի գործակալ նախագահներ. «Հատկապես՝ ՀՀ առաջին նախագահը, որը, իբր թե հայ ազգի շահերով առաջնորդվելով՝ հենց սկզբից ասում էր, որ մենք Թուրքիային որևէ պահանջ պետք է չներկայացնենք, որպեսզի Թուրքիայի հետ ունենանք լավ հարաբերություններ: Անգամ 8 տարի անց, երբ նա այդպես էլ լավ հարաբերություններ չկարողացավ ստեղծել, միտքը չփոխեց, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները փոխել, նշանակում է՝ խոսել տարածքների մասին, սահմանների մասին, խոսել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին, իսկ ՊԱԿ-ի գործակալը չի կարող հակադրվել Ռուսաստանի կնքած պայմանագրերին: Այսպես այդ նշանավոր ՊԱԿ-ի գործակալը սխալ ուղու վրա դրեց մեր քաղաքականությունը»:
Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ որևէ քայլ այս ուղղությամբ չի արվել նաև «հայության հետ ոչ մի կապ չունեցող, ազգի դավաճան Ռոբետ Քոչարյանի կողմից». «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, որքան էլ ինքը քարոզչական աշխատանքները լավ տարավ, բայց իրավական հարթության վրա նա պատրաստ չէ: Նա չի կարողանում քայլ կատարել միջազգային իրավական հարթություն»:
Իսկ թե ինչ պետք է արվի, Պ. Հայրիկյանը խորհուրդ տվեց այդ մասին խոսել միջազգային իրավունքի մասնագետների հետ. «Ասենք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խակ էր, բայց դու պետության ղեկավար ես, Հայաստանը գրանցում են ՄԱԿ-ում, և նշում են սահմանները, դու որևէ վերապահություն չունե՞ս՝ որպես սփյուռքահայի զավակ, որ ասես, որ այս սահմաններով մենք մտնում ենք վերապահությամբ՝ մինչև միջազգային իրավունքի վրա կճշտվեն Հայաստանի միջազգային սահմանները»:
Պ. Հայրիկյանը կարծում է՝ Հայաստանի իշխանություններն այսօր «էլ շարունակում են Ցեղասպանությանն իրենց մասնակցությունը». «Օրինակ՝ ուղղագրությամբ: Այն ուղղագրությունը, որով դուք ստիպված եք գրել, դա Ցեղասպանության դրսևորումներից մեկն է: Ոչ մեկդ մեղավոր չեք, որ դասական հայկական ուղղագրությանը չեք տիրապետում, բայց որ պետությունն աստիճանական անցում չկատարեց դեպի ազգային միասնական ուղղագրության, դա նույն Ցեղասպանության հետևանքների զարգացումն է»: