Բաժիններ՝

Ինչքան էլ փողի կարիք շատ ունենամ, չեմ սիրում անհետաքրքիր շոուներ. Ջուլիետա Ստեփանյան. life.panorama.am

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է:

-Հեռուստաընկերությունները, թատրոններն իրենց դերասաններին դժվարությամբ են զիջում մեկ այլ կոլեկտիվի: Ինչպե՞ս եք հաջողացրել աշխատել երկու թատրոններում, խանդ չի՞ առաջացել:

-Թատրոնում նման խնդիրներ չկան: Ես Սունդուկյան թատրոնում էի աշխատում հիմնականում, սակայն պարոն Ղազանչյանը նախարարության միջոցով ինձ հրավիրեց նաև Պարոնյան թատրոն:

-Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում, ո՞րն է առավել հոգեհարազատ:

-Ընդհանրապես, թատրոն ասվածն ինձ հարազատ է, թատրոն հասկացողությունն իմ մեջ է: Սունդուկյանում ես դրամատիկ դերեր եմ կերտում, Պարոնյանում՝ կատակերգական: Գիտեք, կոմեդիան մի քիչ դժվար ժանր է, բայց ինձ մոտ հեշտ է ստացվում: Դժվար է մարդկանց ուրախացնել, զվարճացնել: Այն պետք է չխաղաս, այլ ամեն ինչ բնական մատուցես, որպեսզի հաջողվի։ Իսկ դրամատիզմ, կարծում եմ, բոլոր դերասանների մեջ կա: Ես երկու ժանրերն էլ սիրում եմ:

-Իսկ չե՞ք դժվարանում անընդհատ ժանրի փոփոխություն կատարել: Դերասանները մեծամասամբ մեկ ուղղություն են ընտրում և փորձում այդ ուղղությամբ շարունակել:

-Եթե թատրոնի դերասան ես, ապա պարտավոր ես խաղալ բոլոր ժանրերում: Այդպես է ճիշտ, թեև, գիտեմ, որ այդպես չի արվում: Յուրաքանչյուրն ընտրում է մեկ ուղղություն և այդ ուղղությամբ գնում:

-Տիկին Ստեփանյան, նշեցիք, որ կոմեդիան բարդ ժանր է: Սակայն այսօր հայկական ֆիլմերի մեծ մասն այդ ժանրում են նկարահանում: Նաև սիթքոմներ, սերիալներ… Անլո՞ւրջ են մոտենում, թե՞։

-Իսկ Ձեզ դո՞ւր են գալիս մեզ մոտ նկարահանվող հումորային սերիալները։ Ինչ վերաբերում է ֆիլմերին՝ նայած ինչ ֆիլմեր են, ինչ դերասաններ են զբաղված նրանցում: Ես ամեն ֆիլմ չեմ կարողանում հավանել: Օրինակ, եթե ֆիլմում զբաղված է Միքայել Պողոսյանը, ապա ես ասում եմ «բրավո»: Նա կարողանում է ճիշտ մատուցել, հավատացնել: Պրոֆեսիոնալ դերասան է: Ես այսօր այլ դերասաններ չգիտեմ, որ խաղում են կոմեդիայի ժանրում…

-Վերջին տարիներին նման ֆիլմեր շատ են նկարահանվում: Օրինակ, մեկ տարի առաջ էկրան բարձրացավ «Սուպեր մամա» ֆիլմը:

-Այդ տղաները դերասաններ չեն, շոու-մեններ են: Ինքս շատ եմ հավանում և՛ Մկոյին, և՛ Հայկոյին, շատ շնորքով տղաներ են, լավ մարդիկ, բայց չեմ կարող ասել, որ իրենք պրոֆեսիոնալ դերասաններ են: Թեև այն, ինչ իրենք անում են, ինձ դուր է գալիս: Իրենց գործին հավատքով են վերաբերում, աշխատասեր են: Բայց դերասանի համար լուրջ արվեստը դա թատրոնն է:

-Այսօր դերասանի աշխատանքը, կարծեք թե ամենատարածվածն է դարձել և ամենամատչելին. Էկրաններին՝ հատկապես սերիալներում, յուրաքանյուր 4-րդն է դերասան, մյուսները «չդերասաններ» են: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին:

-Դա իմ ամենացավոտ թեման է. եթե աղբատար մեքենայի վարորդն է ինձ ասում ՝ «պրիվետ կոլեգա», էլ ինչի՞ մասին է խոսքը: Երբ Հայաստանում առաջին սերիալներն էին նկարահանվում՝ «Վերվարածները», «Հարևանները», մտածում էի՝ ամեն ինչ վատ է, կամաց-կամաց կլավանա, պրոֆեսիոնալ դերասաններ կընդգրկվեն, որակ կլինի՝ ինչպես ռուսական սերիալներում: Սակայն հակառակ բանը եղավ՝ քանի գնաց, այնքան վատացավ, անորակ դարձավ:

-Ինչո՞ւ:

-Դրսից մի քանի դրամով մարդկանց են ներգրավվում ու ասում՝ ի՞նչ պակաս են խաղում որ, դերասաններից լավ են խաղում։ Իհարկե, դերասաններ կան, որ շատ ավելի վատն են, բայց խոսքն այդ փոքրամասնության մասին չէ: Եթե գումար ես ծախսում, սերիալ նկարում, պետք է որակ ստանաս, որպեսզի և՛ հեռուստադիտողին գրավես, և՛ նորմալ լսարան ապահովես ու գումարդ ետ վերադարձնես: Իսկ հիմա սերիալների դերասանների կեսից ավելին դրսից բերված, պատահական մարդիկ են:

-Այդ պատճառո՞վ Ձեզ այլևս սերիալներում չենք հանդիպում:

-Այո: Այսօր, իհարկե, պայմանագիր ունեմ կնքված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Շարմ» ընկերության հետ, ովքեր նոր սերիալ են սկսելու: Ամբողջ օրը խնդրում եմ, որ այնպես լինի, որ կողմնակի մարդիկ չհայտնվեն այդ սերիալում: «Շարմ»-ի տղաները վստահեցրել են, որ կողմնակի մարդիկ չեն ներգրավվի: Ես հո չե՞մ կարող վիրաբույժ, պարուհի, օպերային երգիչ աշխատել: Դա իմ մասնագիտությունը չէ: Բայց հիմա և՛ օպերային երգիչն է դերասան, և՛ պարուհին, և՛ վարորդը, և՛ բժիշկը…Իսկ դուք գիտե՞ք, թե մեր Թատերական ինստիտուտն ավարտած երիտասարդների մեջ ինչքան շնորքով, տաղանդավոր երեխաներ կան: Նրանց չեն վերցնում, քանի որ պրոֆեսիոնալ են և պահանջում են համապատասխան գումար:

-Իսկ ինչո՞ւ մեր բոլոր արտիստները նման պահանջ չեն ներկայացնում. «Ներգրավված լինեն միայն դերասաններ, հակառակ դեպքում հրաժարվեն նկարահանվել չդերասանի հետ»:

– Ինքս արդեն երկու սերիալներից հրաժարվել եմ այդ պատճառով, բայց ասել են՝ կներեք տիկին Ջուլիա, մենք չենք կարող բոլորին այդքան բարձր վճարել։ Իսկ ես չեմ ուզում, որ փողոցում անընդհատ մոտենան ինձ և ասեն. «Հիշում ե՞ք, ես էլ էի Ձեզ հետ խաղում այս կամ այն սերիալում»։ Ամսեկան երկու-երեք հարյուր հազարի փոխարեն վճարում են 15-20 հազար և ոչ դերասաններն ուրախ ու պարելով գնում, նկարահանվում են: Կամ մեկի հարևանն է, մյուսի՝ բարեկամը, ամերկայից եկած ընկերը։

-Իսկ պրոֆեսիոնալ դերասաններին նորմալ վճարո՞ւմ են:

-Վճարում էին, այժմ՝ ոչ։ Դա ևս պատճառ եղավ, որ հրաժարվեմ սերիալներից: Երկար բանակցություններից հետո պայմանագիր կնքեցի Հանրային հեռուստաընկերության հետ:

-Ի դեպ, կապված այս սերիալի հետ՝ ի՞նչ փակագծեր կբացեք մեզ համար:

-Շատ բան ինքս չգիտեմ։ Նկարահանումները պետք է սկսեինք փետրվարին, սակայն 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ էին նկարում, հետաձգվեց մայիսի վերջ։ Նաև ֆիլմի հրավերք ունեի, որը նկարահանում է Սերժ Ավետիքյանը: Գլխավոր դեր էր ինձ առաջարկել, բայց քանի նկարահանումները Խաչիկ գյուղում են լինելու և ամիս ու կես են տևելու, չեմ կարող գնալ պայմանագրիս պատճառով։

-Իսկ «Արի ամուսնանանք» հաղորդումը ինչո՞ւ ընդհատվեց:

-Ի սկզբանե ինձ վստահեցրել էին, որ թեև շոու կլինի, բայց իրական գործողություններով և հերոսներով: Սակայն գալիս էին մեծամասամբ 18-19 տարեկան երեխաներ, ովքեր նույնիսկ չգիտեին, թե սերն ինչ բան է, ուր մնաց՝ խանդը։ Եվ հետո, 18 տարեկան տղան չէր կարող գալ ամուսնանանլու նպատակով, նա գալիս էր, որ իրեն հեռուստացույցով ցույց տան: Ինքս խնդրեցի, որ իմ փոխարեն այլ վարող բերեն, քանի որ, որքան էլ փողի կարիք շատ ունենամ, չեմ սիրում անհետաքրքիր շոուներ: Ինձ հեշտ չէ խաբել… Բայց հաղորդումն ամբողջովին փակվեց։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս