Լարիսա Ալավերդյանը՝ իշխանությունների մասին. «Եթե ուզում են, անում են»

«Ուզում եմ նշել, որ վերջապես մեր իշխանությունները մի բան կատարեցին բավականին բարձր մակարդակով: Այսինքն՝ եթե ուզում են, ապա անում են, պետք է կարողանալ ոչ միայն մի քանի օր այդպես լինել, այլև՝ միշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Լ. Ալավերդյանին զարմացրել և ուրախացրել է այն, որ Ցեղասպանության հարցով բարձր որակյալ մասնագետներ էին եկել Հայաստան, ինչն իր գնահատմամբ՝ շատ դրական երևույթ է:

Միաժամանակ իրավապաշտպանն ընդգծեց, որ կա խնդիր հենց Հայաստանում հայկական գիտական շրջանակներում՝ ունենալու մասնագիտացված և խորիմաստ հեղինակավոր մարդկանց՝ լինի իրավաբան, քաղաքագետ, պատմաբան. «Ճիշտն ասած, կարծում եմ՝ այստեղ կա գիտական մոլորություն: Մեզ պետք է ևս ժամանակ, որ մեր գիտնականները գիտակցեն մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հենց Ցեղասպանությունը շարունակելու այն տարածքներում, որը չէր պատկանում Օսմանյան Թուրքիային, հետագայում Թուրքական Հանրապետությանը»:

Այն, որ Ցեղասպանության օրը Թուրքիան «ցինիկ» կերպով նշեց Գալիպոլիի հաղթանակը, ըստ իրավապաշտպանի՝ նշանակում է, որ իրապես Թուրքիայի քաղաքական էլիտան չի ուզում ընդունել այն, ինչ տեղի է ունեցել. «Ես համոզված եմ, որ դա չի լինելու մոտակա մինիմում 10-20 տարում, այսինքն՝ աշխարհաքաղաքական վիճակը չի խոսում այն մասին, որ Թուրքիան իրեն պարտավորված է զգում, նախևառաջ՝ բարոյական իմաստով, որ ընդունի այն, ինչ տեղի է ունեցել»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Գերմանիայի կողմից նոր ձևով խնդրին մոտենալը նոր իրավիճակ չի՞ ստեղծում, Լ. Ալավերդյանը պատասխանեց, որ Գերմանիայի այդ քայլը սպասված էր. «Վերջապես Գերմանիան է ցույց տվել քաղաքակիրթ վերաբերմունքը Հոլոքոստի զոհերի վերաբերյալ: Անգամ, եթե մենք ենթադրենք, որ որևէ միջազգային դատական ատյան ընդունում և որոշում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, դա դեռ չի նշանակում, որ անմիջապես վրա է հասնելու փոխհատուցումը կամ հետևանքների վերացումը: Իրապես շատ կարևոր է, որ Թուրքիան՝ որպես պետական միավոր, ընդունի դա»:

 

Տեսանյութեր

Լրահոս