Տիգրան Մանսուրյան. «Շատ անսպասելիություններ են տեղի ունենալու մեր ճակատագրի հետ»
Հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, մասնակցելով այս օրերին տեղի ունեցող ոգեկոչման արարողություններին, շարունակ հուզվում է, որովհետև ինչպես ինքն է ասում` Եղեռնի ամբողջ գողգոթան զգացել է իր ընտանիքի անցած ճանապարհի միջոցով: 168.am-ին հայտնելով իր զգացողությունները` նշանավոր երաժիշտն ասաց, որ հայ ժողովրդի ճակատագիրը փոխվում է, և մենք ականատեսն ու վկաներն ենք դառնում այդ փոփոխությանը:
«Այս օրերին ամեն բան փաստում է, որ մենք եզակի ժամանակ ենք ապրում՝ սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման աննախադեպ արարողակարգից, որին ողջ ազգը մասնակցեց` թե՛ մոտիկից թե՛ հեռվից: Մենք ազգովի մասնակից եղանք մեր նահատակների սրբագործման սուրբ արարողությանը: Դա առ Աստված, առ երկինք ուղղված մեր հարազատների համար աղոթքի և ազգային ամենաբարձր զգացումների հանրագումարի օրն էր: Այդ աղոթքն ու բարձրագույն զգացումները տեղափոխվեցին Եղեռնի զոհերի հուշահամալիր, և մենք տեսանք, որ աշխարհը մեզ հետ սգաց ու մասնակցեց»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ փոքրիկ պատմության միջոցով հիշեցնելով, որ իր մորական ու հորական կողմի հարազատները նույնպես Եղեռնից փրկված հազարավոր հայերի մեջ են եղել, և ինքը մանկությունից է առնչվել Եղեռնի մասին սարսափազդու պատմություններին:
«Մոր կողմից իմ ընտանիքի անդամները հինգն են եղել, որոցից երեքը Եղեռնի զոհ են դարձել: Մայրս մի քանի ամսական է եղել ու փրկվելով հայտնվել է ամերիկյան որբանոցում, հայրս նույնպես որբանոցի տղա է եղել… Ես անմիջապես մեր ընտանիքի անցած ճանապարհից գիտեմ այս ամբողջ պատմությունը: Գողգոթայի ճանապարհն իր ամբողջ մանրամասնություններով ուղեկցել է մեր ընտանիքին` կոտորածից մինչև փրկագործում, մինչև ընտանիքի կազմավորում, վերապրում… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ես տեսա, որ իմ ընտանիքի անդամները նույնպես սրբագործվեցին միլիոնավոր հայ նահատակների հետ միասին: Ես այս օրերին խորապես հուզված եմ»:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ կտա մեզ աշխարհի աջակցությունը, որն անցնող օրերին առավելագույնս արտահայտվեց, Տիգրան Մանսուրյանը պատասխանեց. «Բոլորս տեսանք, որ հարյուրամյա այս կիզակետին հսկայական կուտակումներ են տեղի ունեցել, և մարդկային գութը, կարեկցանքը, մարդկային աստվածահաճո զգացումները ահավասիկ մեզ են ուղղվում. սա չի կարող չջերմացնել մեզ, անշուշտ ամոքիչ մի բան է, բալասան է սա մեզ համար, բայց ընտանիքի ցավը մնում է ընտանիքում` ինչպես որ կար»:
Տիգրան Մանսուրյանը վստահ է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Ցեղասպանությունը, ըստ նրա, դա արդեն անխուսափելի է:
«Ես կասկած չունեմ, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և շատ այլևայլ իրադարձություններ տեղի կունենան հայ ժողովրդի հետ: Մեր ճակատագրի հետ անսպասելիություններ են տեղի ունենալու: Դրա վկայությունն անցնող օրերի ոգեկոչման, աշխարհի սփոփման եւ մեր կողքին կանգնելու քաջալերանքն էր, որին ականատես եղանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը: