Չխուսափենք «շնորհակալություն» ասելուց. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու` «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ի՞նչ էիք սպասում»:

Նման մտասեւեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլեւ պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ` թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները: Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես:

Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արեւմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, եւ որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին:

Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, խոսեց ծայրահեղ ազգայնականության, նեոֆաշիզմի եւ ռուսատյացության մասին՝ ակնարկելով ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ բոլոր թվարկած մեղքերը վերագրելով հակառակորդ կողմին: Ասել, որ դա ամբողջությամբ սուտ է, իհարկե, չափազանցություն կլիներ: Ասել, որ Ռուսաստանում պետական մակարդակով չի խրախուսվում ծայրահեղ ռուսական ազգայնականությունը, նույնպես կնշանակեր մեղանչել ճշմարտության դեմ:

Վստահորեն կարելի է արձանագրել նաեւ, որ Հայաստանում ռուսատյացության ոչ մի դրսեւորում չկա՝ չնայած մեր երկրում ՌԴ դեսպանատունը երբեմն նման բովանդակությամբ զեկույցներ է ուղարկում Մոսկվա, որոնց հիման վրա Կրեմլի հետ կապված լրատվամիջոցները հոդվածներ են գրում: Բայց այդ ամենը չի կարող ստվերել այն դրական փաստը, որ Պուտինը, Օլանդը, բազմաթիվ այլ բարձրաստիճան եւ շարքային հյուրեր եկել էին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ իրենց զորակցությունը հայտնելու մեր ժողովրդին: Երախտագիտությունն, ընդհանրապես, լավ զգացմունք է, եւ երբեք պետք չէ վարանել «շնորհակալություն» ասել բոլոր մարդկանց, որոնք քեզ այսպես թե այնպես աջակցել են»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում

Տեսանյութեր

Լրահոս