Բաժիններ՝

Անգելա Մերկելը և Գերմանիայի ԱԳ նախարարը մասնակցել են Ցեղասպանության 100-ամյակի առիթով կազմակերպված քննարկմանը

Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբէ Վարդապետ Իսախանեանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Գերմանիայի Բունդեսթագում շուրջ 75 րոպե քննարկում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով։ Քննարկմանը ներկա էին թե Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, թե Արտաքին Գործերի Նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և թե բոլոր խմբակցությունների ղեկավարները, փաստ, որ առավել ևս ընդգծում էր քննարկվող նյութի կարևորությունն ու նրա նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը։

Նիստին ներկա էին նաև գերմանահայ համայնքի շուրջ հիսուն անդամներ, գերմանահայոց առաջնորդարանի և ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ։

Օրակարգի բացման խոսքը կատարեց Բունդեսթագի Նախագահ Լամերտը, որից հետո ելույթներ ունեցան Գերմանական Խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների 8 ներկայացուցիչներ։ Ուրախալի է ընդգծել, որ որոշ տարբերություններով հանդերձ բոլորն էլ խոսեցին Հայոց բնաջնջումը Ցեղասպանություն իրավական եզրույթով բնութագրելու մասին և կոչ ուղղեցին պատգամավորներին ցուցաբերել ուղղամտություն՝ պատմական անառարկելի փաստին անհրաժեշտ ձևակերպում տալու համար։

Կարդացեք նաև

Hayr SerovbeՆկատի առնելով, որ ներկայացված էին ընդունվելիք բանաձևի տարբեր տարբերակներ, ելույթներից հետո հարցը փոխանցվեց Բունդեսթագի Արտաքին Հարաբերությունների Հանձնաժողովին՝ լրամշակելու և թերևս միասնական փոխհամաձայնեցված տարբերակ ներկայացնելու համար։  Օրակարգի կետի քննարկումից հետո Գերմանահայ համայնքի շուրջ 30 ներկայացուցիչներ, հիմնականում երիտասարդներ, Սերովբե Վարդապետ Իսախանյանի և Թեմական Խորհրդի Ատենապետ Իլիաս Գևորգ Ույարի, հանդիպեցին Բունդեսթագի Նախագահ պարոն Լամերտի հետ։ Զրույցի ընթացքում պարոն Լամերտը հայտնեց, որ այսօրվա քննարկման լույսի ներքո ինքը լավատես է, որ Բունդեսթագին մոտ ապագայում կներկայացվի բանաձևի փոխադարձաբար ընդունելի միասնական տարբերակ, որն էլ կդրվի վերջնական քվեարկության։  Գերմանահայ համայնքի ներկայացուցիչներին առիթ տրվեց այցելելու Ռայխսթագի մատուռ, որտեղ հնչեցին Կոմիտասյան «Հայր մեր»ն ու «Տէր ողորմեա»-ն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս