
ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել Ինթիգամ Ալիևին ու մյուս ակտիվիստներին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ադրբեջանական դատարանն Ինթիգամ Ալիևին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելել է ազատ արձակվելուց հետո 3 տարվա ընթացքում զբաղեցնել ղեկավար պաշտոններ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է. «Ադրբեջանի հանրահայտ իրավապաշտպաններից Ինթիգամ Ալիևը շատ բան է արել օրենքի գերակայության ապահովման ու խաղաղ ակտիվիստների պաշտպանության համար: Նա ՄԻԵԴ է ուղարկել հարյուրավոր գործեր, որոնցից շահել է շատերը»:
ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ազատ արձակել Ինթիգամ Ալիևին ու մյուս ակտիվիստներին, որոնք կալանավորվել են իրենց հիմնարար ազատություններն օգտագործելու պատճառով.
«Մենք Ադրբեջանին նաև կոչ ենք անում պահպանել միջազգային համաձանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և ապահովել քաղաքացիների իրավունքները»: