
Բաքվի դատարանն իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանը երեկ երեկոյան հրապարակել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի գործով դատավճիռը:
Նա մեղավոր է ճանաչվել ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, յուրացումների, հարկեր վճարելուց խուսափելու, լիազորությունները չարաշահելու մեջ, ինչի համար դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման:
Բացի այդ, Ալիևը զրկվել է ազատ արձակվելուց հետո 3 տարի պետական ու քաղաքային վարչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Ալիևի փաստաբանները դատավճիռը որակել են որպես ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված: Նրանք մտադիր են բողոքարկել դատավճիռը: