Արդյոք հնարավո՞ր է պարզել՝ կրակոցների ձայները կլսվեի՞ն, թե՞ ոչ

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրանց տանը հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են AKC-74 տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել: Փորձաքննությունների եզրակացությունների մասին զրուցել ենք Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:

– ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննությամբ հերքվել է Ավետիսյանների տանը հայտնաբերված AKC 74 ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը: Լրատվամիջոցների հետ զրույցներում Ավետիսյանների հարևանները նշում էին, որ կրակոցների ձայներ չեն լսել: Որևէ քննչական գործողության միջոցով հնարավո՞ր է պարզել՝ արդյոք կրակոցների ձայները կլսվեի՞ն, թե՞ ոչ:

Lusine Sahakyan– Նման փորձարարություն ուղղակի հնարավոր չէ կատարել, որպեսզի պարզվի՝ ձայներ լսվե՞լ են, թե՞ ոչ, որովհետև հնարավոր էր նման փորձարարություն կատարել, եթե դա լիներ օրվա ընթացքում, այսինքն՝ այն ժամին, երբ մարդիկ արթուն են եղել: Այսինքն՝ կարելի էր կատարել փորձարարություն և տեսնել՝ այդ կրակոցի ձայներն արդյոք լսելի՞ են այդ տներում, թե՞ ոչ: Բայց քանի անձինք քնած են եղել, այսինքն՝ գիշերային ժամ էր, ուղղակի հնարավոր չէ նման փորձարարություն կատարել և պարզել, թե տվյալ անձը կարթնանա՞ր այդ ձայներից, թե՞ ոչ, որովհետև յուրաքանչյուրի քնի մեջ առանձնահատկություն գոյությունի ունի, և անձ կա, ով ամենացածր ձայնից արթնանում է, անձ կա, ով ամենաբարձր ձայնից չի արթնանում: Այսինքն՝ պարզապես հնարավոր չէ փորձարարությամբ դա հիմնավորել:

– Այն հանգամանքը, որ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված չի եղել՝ որևէ կերպ կարո՞ղ է վկայել՝ կատարվածը պլանավորված գործողությո՞ւն էր, թե՞ իրավիճակում առաջացած դիտավորություն:

Կարդացեք նաև

– Այս փորձաքննության եզրակացությունը, իհարկե, վերջնական պատասխան չի կարող տալ՝ արդյոք դա պլանավորվա՞ծ էր, թե՞ ոչ: Միգուցե որոշ անձինք տրամաբանական հետևության կարողանան հանգել, որ եթե նախօրոք պլանավորված լիներ, ապա նա խլացուցիչով կգար, սակայն, այդուհանդերձ, միայն այդ հանգամանքը հիմք չի տալիս պնդելու, որ սա պլանավորված չի եղել:

– Դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել էին կրակոցի արգասիքների մեջ մտնող պղնձի և անիմոնի մետաղացման հետքեր: Եթե չեմ սխալվում, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մարմնից փորձանմուշներ չեն վերցվել՝ կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով: Այս մասով Ձեզ հայտնի՞ է ինչ-որ բան:

– Ոչ, հայտնի չէ, որովհետև մենք դեռևս ծանոթ չենք քրեական գործի բոլոր նյութերին: Համենայն դեպս, փորձաքննությունները, որոնք նշանակվել են, մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ` այո, նման նմուշներ չեն վերցվել: Համենայն դեպս, Քննչական կոմիտեն էլ նման հայտարարությամբ հանդես եկավ, որ որքան ես հիշում եմ` 9-րդ օրն են նրանք հնարավորություն ունեցել հանդիպելու Պերմյակովին, և այլևս անիմաստ էր նման փորձանմուշներ վերցնելը: Սակայն սա դեռևս հիմք չէ պնդելու, որ նման նմուշներ չեն վերցրել, օրինակ, ռուսական կողմի քննիչները: Այսինքն՝ սա ևս հնարավոր կլինի պարզել, երբ մենք վերջնական հնարավորություն կունենանք ծանոթանալու երկու քրեական գործերին էլ:

– Այդ գործողությունը չկատարելը նախաքննության վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ:

– Իհարկե, բազմակողմանի քննության համար շատ կարևոր կլիներ նաև այդ հանգամանքը պարզելը, սակայն, նորից եմ կրկնում, դեռևս բացառված չէ, որ ռուսական կողմը վերցրած լինի այդ փորձանմուշները: Եվ միայն այդ փորձանմուշների բացակայությունը հիմք չի տալիս ենթադրելու, որ ուրեմն Պերմյակովը չի կրակել, որովհետև բազմաթիվ այլ ապացույցներ էլ կան, որոնցով հնարավոր է պարզել, թե արդյո՞ք նա է եղել դեպքի վայրում, թե՞ ոչ։

 

Տեսանյութեր

Լրահոս