Բաժիններ՝

100 րոպե ճանապարհորդություն  «Փրկության քարտեզով»

100 րոպեանոց «Փրկության քարտեզ» ֆիլմը կառուցված է բացառապես իրական փաստերի վրա. սա նոր խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ման փիքչերս» Ստուդիո  (MAN PICTURES Studio) ընկերության (Հայաստան) արտադրած կինոնկարի պերմիերան կայացավ երեկ` ապրիլի 22-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Փրկության քարտեզը» փաստագրություն է, որի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են, որոնք ականատես են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքներին ու իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են հրաշքով փրկված հայ երեխաների ու կանանց խնամքին: Ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների`Քարեն Եփփեի (Դանիա), միսիոներուհիների` Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնի (Շվեդիա) և Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) հիաշատակին` որպես երախտագիտական տուրք ողջ հայ ժողովրդի անունից:

film02 film01

Ֆիլմի մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը` Արամ Շահբազյանը, Աննա Սարգսյանը սցենարի հեղինակն է, օպերատորները` Արթուր Ղարայանը, Վահե Հակոբյանը, Ռոդին Ալոուշը (Սիրիա), իսկ երաժշտությունը Վիգ Ցարտմանինն է (Ավստրիա): Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտ Լունդգրենը, ով անցնելով ֆիլմի հերոսների ճանապարհը՝ գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

film03

«Ֆիլմ` Ցեղասպանության մասին, շատ լայն է ասված. սա 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիա` հայերի մոտ եկած հինգ եվրոպացի կանանց մասին է, ովքեր ծառայության են կոչվել և գալով Օսմանյան Թուրքիա՝ դարձել են Հայոց ցեղասպանության և Առաջին համաշխարհայինի ականատես: Նրանք ունեցել են այնքան գթասրտություն, որ օգնել են հայ որբերին, շատերին հենց իրենք են փրկել, որբանոցներ են բացել… Գթասրտությունն ուզում եմ շեշտել, որովհետև նրանց համար հայերը եղել են բոլորովին անհայտ մի ժողովուրդ, պատկերացրեք` 20-25 տարեկան աղջիկներ` Եվրոպայի տարբեր երկրներում ապրող, և մի անծանոթ ժողովուրդ, սակայն նրանք կարողացել են իսկապես օգնել անծանոթ կարիքավորին, և այս դեպքում օգնելը մի քիչ մեղմ է ասված. նրանք իսկապես փրկել են հազարավորների և ունեցել են խիզախություն` չվերադառնալ իրենց երկրներ` ինչի հնարավորությունն ունեցել են,- ասում է սցենարի հեղինակը և ավելացնում,- Նրանք չեն հեռացել ու Հայոց ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի տարածքում շարունակել են աշխատել որբատներում, ու երբ պատերազմն ավարտվել է, այդ կանայք վերադարձել են իրենց երկրներ, բայց արդյունքում` ոչ մեկը չի մնացել իր հայրենիքում: Այս կանայք, իմանալով, որ հայերը դեգերում են աշխարհով մեկ, կրկին գնում են այդ տարածքներ` նորից նոր որբանոցներ բացելու ու հայ գաղթականների խնամելու համար, ու այս կանայք մինչև կյանքի վերջ ապրում ու  ծառայում են հայ ժողովրդին»:

film04

Ֆիլմը հիմնականում երկու նպատակ ունի` ցույց տալ գթասրտություն` անծանոթ կարիքավորին, ու խիզախություն` պայքարելու անարդարության դեմ, պայքարելու կյանքի գնով: Ֆիլմի վարող` ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենի համար սա առաջին փորձն է կինոյի ասպարեզում, նաև հայերի հետ շփումի հարցում: Ըստ նրա, ինքն աշխատել է շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ ու շատ ուրախ է համագործակցության համար: Նրա խոսքով` Ցեղասպանությունն առհասարակ մահվան, չարիքի ու ցավի մասին է, բայց բոլոր դեպքերում՝ այդ պատմությունների մեջ լինում են նաև լուսավոր կետեր, պատմություններ կյանքի ու փրկության մասին, լավ բաների մասին, և այս հինգ կանայք շատ վառ լույս են մթության մեջ. «Ես ինքս Շվեդիայից եմ, և կանանցից մեկը նույնպես իմ երկրից է, ու իրականում` նա ավելի շատ ճանաչված է Հայաստանում, քան` իր երկրում, ու ես հիմա հույս ունեմ, որ այս ֆիլմի շնորհիվ նա իր սեփական երկրում էլ ճանաչված կլինի»:

film05

Մեզ հետ զրույցում ցեղասպանագետն ավելի մանրամասն խոսեց Հայոց ցեղասպանությունից ու նշեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր Եվրոպայում, որն էլ, կարելի է ասել, հիմք եղավ Հոլոքոստի համար, նրա խոսքով` մարդիկ տեսան, որ կարող են ցեղասպանություն անել ու մնալ անպատիժ, ու մտածեցին, որ կարող են նույնն անել հրեաների հետ: «Եվրոպական պատմության մեջ Հայոց ցեղասպանությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում. շատերը մահացան, ու մյուս կարևոր մարդիկ արդարության առջև չկանգնեցին, տասնյակ տարիներ աշխարհը լռում էր սրա մասին, իսկ Թուրքիան էլ ոչ մի կերպ չի ընդունում Ցեղասպանությունը, սա ավելի մեծ ազդեցություն է թողնում եվրոպական պատմության մեջ: Իսկ ինչ վերաբերում է հրեաներին`Հոլոքոստն իսկապես ցեղասպանություն էր, ու դրա վերաբերյալ կասկածներ չկան, հայկական ցեղասպանության համար էլ կասկածներ չկան, ու ամենամեծ տարբերությունը սրանց մեջ այն է, որ Գերմանիան ընդունել է և պատասխանատվություն է կրում դրա համար, իսկ Թուրքիան այս ամենը հերքում է: Եվ հենց Թուրքիայի մերժումով հանդերձ` շատ այլ երկրներ՝ ընդունելով Ցեղասպանությունը, այսօր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա»,- ասում է Սվանտե Լունդգրենը:

film06

Ֆիլմի հեղինակ-պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը պատմեց, որ այսօրվա ներկայացվող ֆիլմի մտահղացումը դեռևս 3 տարի առաջ է եղել: «Փրկության քարտեզ» ֆիլմի աշխատանքները տևել են 12,5 ամիս, ու ցանկությունը շատ մեծ էր` այս օրերին ներկայացնելու այն, որի պատճառով էլ բոլոր աշխատանքները փորձել են ավարտել վերջին օրերին: Մանվել Սարիբեկյանը նշեց, որ ֆիլմի ցուցադրությունը նաև կկայանա Գյումրիում` ապրիլի 25-ին, և Հայաստանի մի քանի այլ քաղաքներում, որից հետո ֆիլմարտադրողները կփորձեն ամեն կերպ տարածել այն աշխարհով մեկ ու անպայման ցուցադրել այն քաղաքներում, որտեղ նկարել են «Փրկության քարտեզը»: Բոլորի առաջնային նպատակը ֆիլմն աշխարհին հասանելի դարձնելն է: Հեղինակ-պրոդյուսերի  խոսքով` հնարավոր է՝ ապագայում այս նախագիծն ունենա իր շարունակությունը` արդեն հեռուստատեսային ֆորմատով, քանի որ հեղինակները բավականին շատ նյութեր ունեն` պատմական նյութեր, սեփական նկարահանած նյութեր, որոնք հնարավորինս կրճատվեցին այս ֆիլմի համար, բայց ցանկությունը մեծ է, որ ավելի լիարժեք ձևով ներկայացնեն այս ամենը` հեռուստատեսային ֆորմատով:

film07

Ֆիլմի ռեժիսոր` Արամ Շահբազյանը, նաև պատմեց, որ այս ֆիլմը պատրաստելու համար բացվել են այնպիսի արխիվներ, որ սրանից առաջ հայտնի չեն եղել շատերին ու նաև հասանելի չեն եղել, նշեց, որ արխիվների նյութերը բավական հեշտությամբ են ձեռք բերել բոլոր երկրներից, ու արհեստական խոչընդոտներ առհասարակ չեն ստեղծվել և ոչ մի երկրում: Շատ գործեր նաև հասանելի են եղել այն պատճառով, որ որբերի 100 տարին արդեն լրացած է:

Խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի նկարահանումներին մասնակցել են 45 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ` 9 երկրից. դերասանները բոլորն արտասահմանից են: Ի դեպ, ֆիլմի բնօրինակն անգլերեն է, սակայն երևանյան ցուցադրության ժամանակ հնչում էր հայկական թարգմանությունը, ֆիլմի հեղինակների խոսքով` այն նաև թարգմանվելու է ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս