Ինչո՞ւ չեք խոսում հողերի վերադարձման, ֆինանսական հատուցման մասին. Լրագրողը՝ թուրք իրավապաշտպանին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ, Թուրքիայում գործող Մարդու իրավունքների գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշի կարծիքով՝ հայ-թուրքական երկխոսության համար առաջին քայլը Ցեղասպանության ընդունումն է Թուրքիայի կողմից, իսկ երկրորդը՝ սահմանների բացումը: Այսօր լրագրողներից մեկը թուրք իրավապաշտպանին հարցրեց՝ Դուք խոսում եք սահմանների բացման անհրաժեշտության, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, բայց չեք խոսում հողերի վերադարձման, ֆինանսական հատուցման մասին, արդյոք Ձեր ասածները բավարա՞ր են, որպեսզի Թուրքիան ճանաչի իր մեղքը և անհրաժեշտ քայլերը կատարի Հայաստանի հանդեպ:

Ի պատասխան՝ թուրք իրավապաշտպանը նախ՝ նշեց, որ ինքը մարդու իրավունքների պաշտպան է և ոչ՝ քաղաքական գործիչ ու չի կարող որևէ մեկին կողմ հանդիսանալ. «Սա բարդ մի խնդիր է, և փոխադարձ երկխոսություններ պետք է լինեն, ես ասում եմ, թե որոնք պետք է լինեն առաջին քայլերը: Ձեր ասածներին ես ոչ մի մերժող բան չեմ ասի: Բայց երանի մեզ ասեին՝ մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, ինչպե՞ս լուծենք, բայց մեզ չեն հարցնում»:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ երբ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացավ հայտնի պարբերականների առաջին էջերին, Թուրքիայի վարչապետը և նախագահը սպառնալիքներով հանդես եկան այն հայերի նկատմամբ, որոնք գտնվում են Թուրքիայում, ի՞նչ վիճակում են հիմա նրանք, և արդյոք այսօր նրանք լուրջ խնդիրների առջև կանգնած չե՞ն, թուրք իրավապաշտպանը պատասխանեց, որ սխալ կլինի ասել, թե այդ հարցում ոչ մի խնդիր չկա. «Ոչ միայն հայերի, այլև բոլոր փոքրամասնությունների վերաբերյալ դեռևս շատ լուրջ խնդիրներ կան, բայց եթե հատկապես այդ թեմային նայենք՝ համեմատելով որոշ ժամանակ առաջվա հետ, հիմա ավելի հանգիստ են կարողանում խոսել այդ հարցի շուրջ և ասել, որ իրենք հայ են: Բայց, օրինակ, Հրանտ Դինքը, որն իմ ընկերն էր, սպանվեց, և շատ մեծ վիշտ էր դա: Բայց գոնե այդ արարքի հանդեպ շատ մեծ հակազդեցություն եղավ Թուրքիայում, և կարծում եմ, որ մենք գնում ենք դեպի բարելավման»:

Յ. Ալաթաշի կարծիքով՝ եթե Թուրքիայում Ժողովրդական կուսակցությունն ընտրություններից հետո մտնի պառլամենտ, այս հարցերը պառլամենտում էլ կարող են ավելի հանգիստ արծարծվել. «Բայց շատ դժվար է ասել, որ մոտ ապագայում խնդիրները կլուծվեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս