Թուրքիան Մոսկվայից ու Բեռլինից հետ կկանչի՞ իր դեսպաններին. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան Վիեննայից հետո կանչեց իր դեսպան Հասան Գյողուշին: Այդպիսով, տարբեր պատճառներով ավելի վաղ հետ կանչված դեսպանների թիվը հասավ 7-ի:

Թերթը գրում է, որ մի՞թե եկել է Մոսկվայի ու Բեռլինի հերթը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով 1915 թվականի դեպքերի մասին, օգտագործել է «ցեղասպանություն» բառը:

Թուրքիան դեռ չի արձագանքել դրան և դեռ հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան Մոսկվայից հետ կկանչի՞ իր դեսպանին, թե՞ ոչ: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Գերմանիայի պարագայում:

Ակնկալվում է, որ Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ այդ բառի օգտագործմամբ: Ակնկալվում է նաև, որ դա լարվածություն կառաջացնի Անկարայի ու Բեռլինի փոխհարաբերություններում և չի բացառվում, որ Թուրքիան Բեռլինից հետ կկանչի իր դեսպանին:

Վերջին 12 տարում Թուրքիան դարձել է տարբեր պատճառներով իր դեսպաններին ամենաշատը հետ կանչած երկիրը: Հայոց ցեղասպանության հետ կապված՝ Թուրքիան վերջին տարիներին իր դեսպաններին հետ է կանչել Վաշինգտոնից, Փարիզից ու Ստոկհոլմից:

Փարիզում Թուրքիայի դեսպանն իր գործառույթների կատարմանը վերադարձ է կատարել դրանից 15 օր անց, իսկ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանը՝ 18 օր անց: Ինչ վերաբերում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին, ապա նա հետ է կանչվել երկու անգամ, որոնցից առաջին դեպքում նրա բացակայություը տևել է 9 օր, իսկ երկրորդ դեպքում՝ 32 օր:

Տեսանյութեր

Լրահոս