Ցեղասպանության ևս մեկ փորձ Ադրբեջանն է իրականացնում՝ վերացնելով հայերին իրենց պատմական Արցախից. Քերոլայն Քոքս
«Ցեղասպանության ևս մեկ փորձ Ադրբեջանն է իրականացնում՝ վերացնելով հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից»,- այս մասին այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: Նա նշեց, որ այստեղ՝ Երևանում, միակ տեղն է, որտեղ ցանկանում է գտնվել այսօր և վաղը՝ մաս կազմելով Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին:
Ըստ նրա՝ շատ կարևոր է հիշատակել Ցեղասպանության զոհերին: «Ցավում եմ, տխուր եմ, որ ներկայացնում եմ Միացյալ Թագավորության խորհրդարանը, որը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը, սա ամոթ է»,- ասաց Քոքսը: Վերջինս դրական երանգներով հիշեցրեց այն, որ Ուելսն ու Շոտլանդիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ծափահարելով այդ և այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Նա դրական համարեց այն, որ գլոբալ ֆորումի ընացքում հիշատակվեցին աշխարհի բոլոր ցեղասպանությունները, սակայն դրանց թվին դասեց նաև Սուդանի կառավարության կողմից իրականացվող ցեղասպանությունը:
«Ցեղասպանության ևս մեկ փորձ Ադրբեջանն է իրականացնում՝ վերացնելով հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից: Ես ցանկանում եմ ասել, որ ինձ համար պատիվ է եղել Ձեր ժողովրդի հետ լինել՝ ճակատում պահպանելով ազատությունն ու հավատն ամբողջ աշխարհի համար: Շնորհակալություն Արցախի ժողովրդին: Արցախում և Հայաստանում ես միշտ խոնարհված եմ ինձ զգում, Դուք փյունիկ եք, Դուք ոչ միայն վերապրում եք, այլև ստեղծում եք քայքայման փշուրներից հոյակերտություն, բայց Ադրբեջանը շարունակում է սպառնալ և սպանել:
Համոզված եմ, որ ԼՂ-ն ունի հիմնավոր պահանջ, ինչպես Կոսովոն դրսևորելու, ապրելու անկախ: Ես իմ զորակցությունն եմ ուզում հայտնել Արցախի ժողովրդին:
Այստեղ մենք լսեցինք, թե ինչքանով է կաևոր ճանաչել ճշմարտությունը և դա էական է թե հաշտեցման թե բուժման, թե հետագա ընթացքի համար: Եթե մենք թաքցնում ենք, ժխտում չարիքը, թույլ ենք տալիս, որ վերքն արյունահոսի առանց վիրակապի, ես ուզում եմ խորարհվել Պապի առջև: Թուրք ժողովրդի շահերից է բխում ճանաչել Ցեղասպանությունը պատմության այս հանգրվանում: Կարևոր է հիշել այն թուրքերին, որոնք օգնել են վտանգի մեջ գտնվող հայերին, այն թուրքերին, որոնք կոչել են Ցեղասպանությունն իր անունով՝ երբեմն վճարելով ամենաբարձր գինը, ինչպես Հրանտ Դինքը: Ցեղասպանության ժխտումը խրախուսում է ապագայում ցեղասպանւթյուն գործելու հանցանքով տոգորվող անձանց»,- ասաց Քոքսը: