«Թուրքիայի իշխանությունները պետք է պետական մակարդակով ներողություն խնդրեն». թուրք իրավապաշտպան

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղեկալ, Թուրքիայում գործող մարդու իրավունքների գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայերի հանդեպ կիրառված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ինքը «մեծ ցավ» է ապրում, խոնարհվում է Ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրած հիշատակների առջև և «սրտանց» կիսում է նրանց երեխաների վիշտը:

Նա նշեց, որ իրենց ասոցիացիաները և հիմնադրամները տարիներ շարունակ ընդունել են Հայոց Ցեղասպանությունը և աշխատում են, որ պետություն էլ ընդունի. «Այս տարի էլ Ստամբուլում կոնֆերանսներ, ժողովներ և ասուլիսներ են տեղի ունենալու: Քանի որ իմ շատ ընկերները մասնակցելու են այդ արարողություններին, չկարողացան գալ Հայաստան»:

Հարցին՝ այս օրերին հայերը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են, այս ամենը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի հասարակության և իշխանությունների վրա, ի՞նչ փոփոխությունների կարող է բերել, Յուսուֆ Ալաթաշն այսպես պատասխանեց. «Նախապես ուզում եմ ասել, որ Հայոց Ցեղասպանության խնդիրը ոչ միայն մարդու իրավունքների, քաղաքական և իրավական խնդիր է, այլև այս խնդիրը ամբողջական խնդիր է, և այն 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից է: Այստեղ կարևորն այն չէ, թե ուրիշ երկրները ինչ են ասում կամ անում: Իհարկե, էապես կարևոր է այն, որ համաշխարհային հանրությունը ընդունի Ցեղասպանությունը, բայց, իմ կարծիքով՝ այս խնդիրը միայն պետություններին հետաքրքրող խնդիր չէ, այն նաև ազգամիջյան խնդիր է, և այս ազգերը պետք է համերաշխության մեջ ապրեն»:

Ըստ թուրք իրավապաշտպանի՝ Թուրքիան պետք է շատ լուրջ քայլեր անի՝ առանց որևէ պայմանի, առանց որևէ դժվարություն ստեղծելու:

Կարդացեք նաև

«Նախապես պետք է ընդունեն Ցեղասպանությունը, և Թուրքիայի իշխանությունները պետք է ակնհայտ և պետական մակարդակով ներողություն խնդրեն: Եվ պետք է փնտրտուքների մեջ լինեն, թե սրանից հետո հայ և թուրք ժողովուրդների համար ինչ պայամաններ պետք է ստեղծի»,- նշեց նա:

Թուրք իրավապաշտպանը կարծում է, որ նախևառաջ պետք է առանց պայմանների սահամանները բացվեն, և պետք է ընդունվի այն, որ խնդիրը մարդակային խնդիր է. «Այո, կարևոր է, թե մնացվածն ինչ են ասում, բայց ես այդքան էլ չեմ կարծում, որ Թուրքիան պետք է ինչ-որ քայլ անի ուրիշ պետությունների արած քայլերով: Թուրքիան պետք է դա անի՝ իր ներքին մղումներից ելնելով և Թուրքիան ունի այդ ուժը: Ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ է, որպեսզի այս երկու պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսություն սկսվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս