Առանց «ցեղասպանություն» եզրույթի գործածման էլ, այն արդեն ԱՄՆ քաղաքականության բաղադրիչ է
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի չօգտագործման մասին Ամերիկայի հայկական համագումարի տարածած տեղեկությունները, ինչպես կարելի էր սպասել, իրարանցում են առաջացրել սփյուռքում և Հայաստանում։
Այս մասին, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի կայքը, ապրիլի 21-ին համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի և ԱՄՆ հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպմանն ասել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և Օբամայի` ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը։ Հանդիպումից հետո Բրայան Արդունին հայտարարել է. «Նախագահի` Հայոց ցեղասպանության մասին ճիշտ խոսելու դժկամությունն այն չէ, ինչ մենք ակնկալում ենք գերտերության առաջնորդից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նրա` «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց խուսափելը մեծ հարված է մարդու իրավունքների պաշտպաններին և հետքայլ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում»։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր հերթին` ասել է, որ Օբամայի` Թուրքիային անձնատուր լինելու կեցվածքն ազգային ամոթ է և պարզապես դավաճանություն է իրականությանն ու վստահությանը։ Բացասական արձագանքներ է ստացել նաև ԱՄՆ-ի որոշումը Երևան ժամանող պատվիրակության կազմի վերաբերյալ։ Այն գլխավորելու է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն, իսկ կազմում լինելու են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն, Դեյվ Թրոթը։
Օրերս մեզ հետ զրույցում նյույորքաբնակ քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը, անդրադառնալով այս հարցին, չէր բացառել ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի գործածումը։ Սակայն, միևնույն ժամանակ, նշել էր, որ նրա կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում։
«Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել։ Եվ հետո՞։ Հետո` ոչինչ էլ չի եղել։ Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է։ Բայց դարձյալ. ենթադրենք` օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- ասել էր Մարտիրոսյանը` ակնարկելով «ցեղասպանություն» եզրույթն ԱՄՆ նախագահի բերանից լսել ցանկացողներին` չդառնալ այդ բառի գերին, քանի որ դա չի ունենալու որևէ օրենսդրական ուժ և իրավական հետևանք։
Մեզ հետ զրույցում հայ հասարակության շրջանում արմատավորված այս պահանջին անդրադարձավ ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը։ Նա նախ նշեց, թե չի գտնում, որ այդ հարցն էական նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայի շրջանակում։ Պարզապես, նրա խոսքով, այս հարցի նկատմամբ առանձնակի հետաքրքրություն է առաջացել հայ հասարակության շրջանում, քանի որ մի քանի տարի շարունակ նրանք հետապնդում են այն, այսինքն` սպասում են, մեծ նշանակություն են տալիս ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի գործածմանը` առանց լիովին վերլուծելու դրա կարևորության աստիճանը։
«Իրականում չգիտեմ` ինչն է ստիպում մարդկանց մշտապես սպասել այդ բառին։ Իմ կարծիքով` կան կազմակերպություններ, հատկապես արևմտյան երկրներում, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվում են այդ խնդրով, և նրանց համար «ցեղասպանություն» տերմինի գործածումն իրենց հաջողության նշանը կարող էր լինել։ Այսինքն` այդ բառին սպասում է հասարակությունն ու արևմտյան հայկական կազմակերպությունները»,- նկատեց Մանվել Սարգսյանը։
Վերջինիս կարծիքով` գնահատելը դժվար է, թե դա ինչ նշանակություն ունեցող հարց է, բայց այդ կազմակերպությունների համար նշանակություն ունի, քանի որ նրանք դրանով են ապրում, դրա համար շոշափվում է այդ հարցը։ Ամեն դեպքում, Մանվել Սարգսյանի համոզմամբ, նույնիսկ առանց այդ բառի օգտագործման էլ` ԱՄՆ տարբեր պաշտոնական հարթակներում Հայոց ցեղասպանության անընդհատ բարձրացումը ճնշման լծակ է Թուրքիայի նկատմամբ։ «Սա դարձել է Թուրքիայի հետ կապված ԱՄՆ քաղաքականության մի էլեմենտ»,- ընդգծեց ՌԱՀԿԿ ղեկավարը։
Նրա խոսքով` այս հարցում մեկ այլ խնդիր կա։ Նրա համոզմամբ` հայաստանյան քաղաքական ղեկավարները ճիշտ աշխատանք չեն վարում ԱՄՆ-ի հետ, եթե նրանք հետաքրքրված են Օբամայի կողմից «ցեղասպանություն» տերմինի կիրառմամբ։ «Պետք է քաղաքական գնահատականներով գնալ-տեսնել, թե ի՞նչ խնդիրներ են դրվում, ինչո՞ւ, Հայաստանն այդ հարցում ի՞նչ անելիք ունի, Հայաստանի վարած քաղաքականության հետևա՞նք է այդ եզրույթի չգործածումը, թե՞ ոչ։ Այսինքն` սրանք հարցեր են, որոնց պատասխանը ՀՀ իշխանությունները չեն ստանում, քանի որ չեն վարում ԱՄՆ-ի հետ անհրաժեշտ աշխատանք, քանի որ խնդիրներ չեն դնում։ Հանրային մակարդակով մարդիկ, ինչպես ֆուտբոլային երկրպագուները, սպասում են` «կասի՞, թե՞ չի ասի», վաղուց այս հարցը միջազգային քաղաքականության մեջ օգտագործվող մի էլեմենտ է դարձել, բայց հայկական կողմն իր պաշտոնական պատկերացումները չունի և չի վարում իր քաղաքականությունն իր համար ցանկալի արդյունքները ստանալու համար»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը։
Դիտարկմանը, թե ի՞նչ կփոխեր Թուրքիայի քաղաքականության մեջ ԱՄՆ դիրքորոշման փոփոխությունը` նա ասաց, որ Թուրքիան իր դիրքորոշումն ունի, հաջողված կերպով պահում է այն, խոչընդոտում է Ցեղասպանության ճանաչմանը։ «Չեմ կարծում, որ Թուրքիայի քաղաքականության վրա «ցեղասպանություն» բառի գործածումը կանդրադառնար ինչ-որ կերպ»,- նման համոզմունք հայտնեց Մանվել Սարգսյանը։