«ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում ռուսական ազդեցության բոլոր գոտիներում». Հայկ Ա. Մարտիրոսյան
Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ
– Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն օրերս հայտարարել է, որ ԱՄՆ-ը կտրուկ կրճատում է Հայաստանում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը։ Դա դեսպանը չի պայմանավորել ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությամբ, այլ մի շարք նոր գլոբալ մարտահրավերներով, մասնավորապես` էբոլայի համաճարակ, առողջապահության միջազգային ճգնաժամ, Ուկրաինային օգնելու և «Իսլամական պետության» դեմ պայքարելու անհրաժեշտություն, և այլն։ Հետաքրքրականն այն է, որ սա տեղի է ունենում ՌԴ-Արևմուտք առճակատման մի փուլում, երբ շատ է խոսվում Հարավային Կովկասում Արևմուտքի ավելի խորը ներկայացվածության մասին։ Ըստ Ձեզ` որոշման հիմքում ի՞նչ պատճառներ են ընկած։
– Ես հակված եմ հավատալու դեսպանին։ Միայն մեկ հավելմամբ։ Այստեղ վստահաբար դեր է խաղացել նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «հաշտեցման» անհեռանկարության գիտակցումը։ Ակնհայտ է, որ Հայաստանն իր այդ երկու հարևանների հետ հաշտեցման որևէ եզր այսօր չունի և դեռ երկար չի կարող ունենալ։ Եվ դա Հայաստանի մեղքը չէ։ Միացյալ Նահանգներն ահռելի դեֆիցիտի դարաշրջանում է ապրում, և անհեթեթ ծրագրերի կրճատումը կամ կասեցումն ի սկզբանե եղել է նախագահ Օբամայի վարչակարգի առաջնահերթություններից մեկը։
– Գուցե պարզամիտ հնչի, բայց տեսակետներ են շրջանառվում, որ ԱՄՆ-ը տարածաշրջանն ամբողջությամբ թողնում է ռուսական ազդեցությանը։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ Այս փոփոխություններն էլ ավելի բացասական հետևանքներ չե՞ն ունենա։
– Դա պարզամիտ ենթադրություն չէ։ Այն պարզապես հեռու է իրականությունից։ Միացյալ Նահանգները, ընդհակառակը` ուղիներ է փնտրում ռուսական ազդեցության բոլոր գոտիներում Ռուսաստանի դերակատարումը թուլացնելու ուղղությամբ։ Կարծում եմ` այս կամ այն տարածաշրջանը Ռուսաստանին «թողնելու» միֆ-տեսությունները ծնվում են միայն հետխորհրդային երկրներում և հատկապես` Հայաստանում։ Ինձ համար դրանք մանկամիտ տեսություններ են, որոնք կարող են ծնվել միայն իրականությունից անդին մտածող քաղաքագետների ուղեղներում։ Այս տարածաշրջանը` իր հավերժական կոնֆլիկտների գոտիներով և ընթացող երկու սարսափելի պատերազմներով, չի կարող անտեսվել ԱՄՆ-ի կողմից։ Ինչ վերաբերում է նախորդ հարցի հետ կապված` Հայաստանի` իր երկու վերոնշյալ հարևանների հետ հնարավոր հաշտեցմանը, ապա, եթե քո հարևանները հաշտեցում կտրականապես չեն ցանկանում, այլ տենչում են քո կատարյալ ոչնչացումը, ապա անընդհատ հաշտեցման ձգտելն ինքնասպանության առաջին քայլն է։ Մեկ խոսքով` ո՛չ, բացասական հետևանք դա չի ունենա։ Ընդհակառակը` ամուլ ջանքերի դադարեցումն ավելի արդյունավետ արդյունք է։
– Պարոն Մարտիրոսյան, կիրակի օրը Վատիկանում Սուրբ պատարագ մատուցվեց, նախօրեին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բանաձև ընդունեց` կոչ անելով Թուրքիային հաշվի նստել պատմության հետ։ Նախ` ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների նախապատրաստական աշխատանքները, և ո՞րն է լինելու այս ամենի արդյունքը։
– Կան պրոցեսներ, որոնց Հայաստանի մասնակցությունն անգամ պահանջված էլ չէ։ Վստահ եմ, որ Հայաստանն ինչ-որ առումով ինչ-որ աշխատանքներ տարել է, բայց Հռոմի պապն այն եպիսկոպոսը չէ, որի ականջին մեր երկիրը պետք է կամ կարող է ինչ-որ բան շշնջալ կամ թևքից քաշել։ Ընդհակառակը` խիստ անբնական կլիներ, եթե Ֆրանցիսկոսը, լինելով Ֆրանցիսկոս` հարյուրամյակին ընդառաջ համր մնար։ Ինչ վերաբերում է Եվրոպառլամենտին, ապա դա մի կառույց է, որ վաղուց է նման հայտարարությամբ հանդես եկել։
Եվ հետո եվրոպական պառլամենտը Եվրոպայի ամենակարևոր կառույցը չէ։ Ճանաչման գործում երկու կարևոր երկիր կա` Գերմանիան և առավել, շատ առավել` ԱՄՆ-ը։ Նահանգներն առաջիկա տասնամյակում դժվար թե ճանաչի ցեղասպանությունն այդ տերմինով, իսկ Գերմանիան` նկատի ունենալով նրա հետևողական թրքացումն ու մահմեդականացումը` դժվար թե երբևէ գա դրան, եթե մինչ այժմ անգործություն է ցուցաբերել։ Չափազանց կարևոր է Ֆրանսիայում մերժման քրեականացումը, որն այդպես էլ չեն կարողանում իրականություն դարձնել ո՛չ ֆրանսահայ համայնքը, և ո՛չ էլ Հայաստանի ջանքերը։
– Թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնությունները որոշակիորեն շարունակվում են։ Հնարավո՞ր է, որ դա դրական անդրադառնա Ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշման փոփոխության վրա, այսինքն` Օբամայի կողմից այլ եզրույթ օգտագործվի կամ բանաձև ընդունվի։
– Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելաթուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին` նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում, և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում։
ԱՄՆ-ում թուրքական լոբբին չափազանց հզոր է հիմա, իսկ հանրապետականները, ովքեր այսօր վերահսկում են ողջ Կոնգրեսը, Թուրքիայի մոլի սիրահարներ են։ Ամեն դեպքում այսօր Թուրքիան ահռելի կարևորություն ունի ԱՄՆ-ի համար։
Այնպես որ, Կոնգրեսի մասով ճանաչման մասին հույսերն այդպես էլ հույսեր կմնան։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի հնարավոր օգտագործմանը, ապա կարծում եմ` դա լիովին բացառել չի կարելի։ Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում։ Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել։ Եվ հետո՞։ Հետո` ոչինչ էլ չի եղել։ Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է։ Բայց դարձյալ. ենթադրենք` օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն։