Գերմանիայում բազում նոր փաստարկներ ու քննարկումներ են առաջ եկել, բայց Բունդեսթագի որոշման մասին կանխատեսելը բարդ է. Ռայներ Մորել
«Երիտասարդ հայերն ու թուրքերը խնդիրներ չունեն, խնդիրը պատմությունից է գաիս»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելնը՝ անդրադառնալով վաղը Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևին և դրա ընդունման հնարավորություններին:
Նա նշեց, որ դժվար է ասել, թե այսօր Գերմանիայում նախատեսվող Գերմանիայի նախագահի ելույթը, որում, ըստ կանխատեսումների, տեղ գտնի Ցեղասպանություն եզրույթը, ինչ ազդեցություն կունենա Բունդեսթագի որոշման վրա: «Ես կարծում եմ, որ այն, ինչ կասի նախագահը, ամեն դեպքում կունենա ազդեցություն մարդկանց մտքի և մտածողության վրա: Բայց Դուք գիտեք, որ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ անկախ է իր մտածողությամբ և գործողություններով: Նա կարող է մտածել, թե ինչ փաստարկներ են շրջանառվում այդ թեմայի վերաբերյալ աշխարհում: Ես կարծում եմ, որ խորհրդարանականներն ականջալուր կլինեն այն ամենին, ինչ նախագահը կասի, դա հաստատ է» ,- նշեց դեսպանը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կկրեն գերմանաթուրքական հարաբերությունները ապրիլի 24-ից հետո, դեսպանը պատասխանեց, որ իրենք երբեք ինչ որ մի կողմի կողմնակիցը չեն և մյուսին՝ դեմ: «Մենք ունենք Գերմանիայում ապրող հայեր,, բայց ունենք նաև թուրքեր, որոնք ապրում են Գերմանիայում: Մենք կցանկանայինք օգտակար լինել, որպեսզի նրանք հասկանան իրար: Ես այնպիսի զգացում ունեմ, որ ներկայիս սերունդները՝ երիտասարդ հայերն ու երիտասարդ թուրքերը, չունեն խնդիրներ: Խնդիրը գալիս է պատմությունից, փաստերից, բայց այսօր ապրող մարդիկ ստիպված են հասկանալ, որ պետք է ապրեն միասին և երկխոսեն» ,- ասաց Ռայներ Մորելը:
168.am-ի պնդումներին, թե ամեն դեպքում իր կարծիքով ինչ որոշում կկայացնի Բունդեսթագը, դեսպանը պատասխանեց, որ դա իքնիշխան մարմին է: «Վերջերս բազում նոր փաստարկներ և նոր քննարկումներ են առաջ եկել, դա բաց է: Ես կարծում եմ, որ վաղը մենք որոշում կունենանք, մենք կտեսնենք, ինչ որոշում է կայացվում» ,- այսպես եզրափակեց իր խոսքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը: