Արևմուտքի կողմից լուրջ սխալ կլիներ Հայաստանին «պատժել». Լոուրենս Բրոյերս
«Արևմուտքը չպետք է մեկուսացնի Ղարաբաղին և մյուս դե ֆակտո պետություններին»,-168.am–ի հետ զրույցում այս մասին ասաց անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսն` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է Արևմուտքն արձագանքի տարածաշրջանում Ռուսաստանի հարուցած անկայունությանը` չեզոքացնելով սպառնալիքները:
Նա նշեց, որ այստեղ երկու հարց կա: «Առաջին հարցը նրանում է, թե արդյոք կա՞ անհրաժեշտություն Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունում թարմացնել կամ փոփոխել Հելսինկյան Եզրափակիչ ակտը: Երկրորդ հարցը` արևմտյան գերտերությունները հնարավոր համարո՞ւմ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների միջոցով անվտանգության նոր ձևաչափին անցնելը:
Ինձ թվում է, որ արևմտյան երկրներում չկա կոնսենսուս առաջին հարցի վերաբերյալ, ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա շատ երկրներ հակված են բացասական պատասխանի»,- ասաց նա:
Փորձագետի համոզմամբ` կոնսենսուսի բացակայությունը հանգեցնում է սառը պատերազմի գաղափարների և կարծրատիպերի վերածննդի:
Ինչ վերաբերում է դե-ֆակտո գոյություն ունեցող երկրներին Աբխազիային, Հարավային Օսեթիային, Մերձդնեստրին, Լեռնային Ղարաբաղին, ապա, Լոուրենս Բրոյերսի խոսքով, արևմտյան գերտերությունները պետք է հիշեն, որ այս երկրներում չեն ցանկանում մեկուսացված և կտրված մնալ Արևմուտքից:
«Մենք պետք է հնարավորության դեպքում այս երկրների բնակչությանը ներգրավենք և շփվենք նրանց հետ: Հենց այդ սկզբունքով, ես կարծում եմ, որ լուրջ սխալ կլիներ Հայաստանին «պատժել» ԵՏՄ անդամակցության համար՝ կտրելով տրվելիք աջակցությունն ու կրճատելով նրա մասնակցությունը Արևմտյան կյանքին»,- ասաց նա:
Լոուրենս Բրոյերսի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: