Եթե կա հնարավորություն հայ-թուրքական արձանագրություններին վերադառնալու համար, ապա դա հիանալի կլինի. Թորբյորն Յագլանդ

«Հուսով եմ, որ Հայաստանն իր հարևանների հետ շուտով կարգավորում կգտնի»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնել համաժողովին, սակայն միևնույն ժամանակ տխուր է, երբ մտածում է այն բոլոր մարդկանց մասին, որոնք իրենց կյանքն են կորցրել այս ողբերգության ընթացքում։ Յագլանդը նշեց, որ մտածում է այն ամենի մասին, ինչի ունակ է և ինչ ցանկանում է անել մարդ արարածը:

«Ես նաև հպարտ եմ ներկայացնել կազմակերպություն, որն իր գործունեությունն է սկսել ուղիղ երկու պատերազմներից հետո, որովհետև մարդիկ հասկացան, որ խաղաղությունը պետք է կառուցվի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հիման վրա: Մարդիկ հասկացան, որ աշխարհից պետք է հեռացնեն ազգայնականությունը` աշխարհը մոտեցնելով միջազգայնականությանը»,- ասաց Յագլանդը` հավելելով, որ հենց այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը ներդրել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, որով նոր դարաշրջան է սկսվել` մեզ բոլորիս հեռացնելով պատերազմից:

Թորբյորն Յագլանդն առանձնակի հուզմունքով անդրադարձավ Ֆրիտյոֆ Նանսենի պատգամներին՝ տեղեկացնելով, որ ինքը ևս ներկայացնում է Նանսենի երկիրը` Նորվեգիան: Նա հիշեցրեց, որ Նանսենը փրկում էր աշխարհի հազարավոր մարդկանց` գործելով հանուն մարդկության բարօրության: Ուստի առաջնորդվելով այս սկզբունքով Յագլանդն ասաց, որ եթե տեսնում են, որ մարդիկ են տառապում, պետք է արձագանքել ու գործել:

Նրա համոզմամբ` Ցեղասպանության զոհերը միայն հայ ժողովրդի կորուստները չեն, այլ աշխարհի, գաղափարների, ձեռքբերումների, բացահայտումների: Այդ ամենը, Յագլանդի խոսքով, գողացվել է, ջախջախվել և ետ վերադարձնել հնարավոր չէ: «Բայց նոր նման ողբերգությունների կանխարգելելու համար պետք է ցավենք այդ պատմության համար»,- ընդգծեց նա` հավելելով, որ 2015 թվականն է, երբ պետությունները պարտավոր են կանխարգելել մարդու իրավունքների խախտումները` հետևելով ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին ընդունված տաս տարի առաջ։

ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, թե ինչպիսի արժեքների կրողն է Հայաստանը` բարձր գնահատելով Հայաստանի աշխատանքը քսենոֆոբիայի և ռասիզմի, էքստրիմիզմի ու ռադիկալիզմի դեմ: «Մենք կշարունակենք Ձեզ օգնել կառուցել ուժեղ ինստիտուտներ, որոնք կմարմնավորեն եվրոպական արժեքները: Հայ ժողովուրդը կյանքի նկատմամբ նույն ցանկություններն ունի, ինչ բոլոր մարդիկ` հնարավորություն աշխատելու համար, երեխաներին մեծացնելու, ճանապարհորդելու, կապ հաստատելու այլ հասարակությունների հետ: Ես հուսով եմ, որ Դուք շուտով կարգավորում կգտնեք Ձեր հարևանների հետ հարաբերություններում»,- ասաց Յագլանդը:

Նա շնորհակալություն հայտնեց այն կազմակերպություններին, որոնք աշխատում են կողմերին կարգավորման ուղղությամբ տանելու ուղղությամբ: «Եթե կա հնարավորություն վերադառնալու 2009թ. արձանագրություններին, սա հիանալի կլինի: Կոչ եմ անում կողմերին դիտարկել դա: ԵԽ-ն աջակցում է այդ երկխոսությանը ցանկացած եղանակով, որով կարող է»,- ասաց Յագլանդը: Ամփոփելով իր ելույթը` Յագլանդն ասաց. «Հայաստանը հույս ներշնչող պետություն է: Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել: Այս շաբաթ դա կարող է ամբողջ աշխարհը տեսնել: Շնորհակալություն հայ հասարակությանը քաջության համար, պարոն նախագահ ես ձեզ հետ եմ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս