Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարության համար բարերարների կողմից ծախսվել է 4,5 միլիոն դոլար
Երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը, որի գիտական հայեցակարգը մշակվել ու իրականացվել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Վերջինս լրագրողների համար էքսկուրս վարեց «նոր» թանգարանի նոր ցուցադրության մեջ` մանրամասն տեղեկացնելով վերջին երեք տարվա աշխատանքների արդյունքը: Թանգարանի առաջին այցելուներից էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, շրջայցի ժամանակ ներա էին նաև մարդիկ, որոնք տարբեր ժամանակներում բացառիկ իրեղեն նվիրատվություններ են կատարել թանգարանին:
«Եթե իմ առջև առաջադրանք դրվի` հինգ տարբեր լուծումներով ու մոտեցումներով Հայոց ցեղասպանության թեմայով թանգարան պատրաստել` գոյություն ունեցող նյութի վրա, ես դա պատրաստ եմ անել, այսինքն` կան ևս լրացուցիչ հնարավորություններ` այլ մոտեցումներով, այլ դրվագներով, ու այդքան նյութ մենք այսօր կուտակել ենք, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարաններ պատրաստելու համար»,- պատմեց թանգարանի տնօրենը:
Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նաև նշեց, որ շինարարության համար ծախսվել է 4,5 միլիոն դոլար, և հիմնականում անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել բարերարներին, որոնք ցուցաբերել են և՛ ֆինանսական օգնություն, և՛ նյութական` հարստացնելով ներկա հավաքածուները: «Իմ կամային որոշմամբ թանգարանի դիզայներական նախագիծը մշակելու, ցուցադրությունը պատրաստելու պարագայում որևէ լրացուցիչ ֆինանսավորում չի եղել, այսինք` մենք կամային հրաժարվել ենք` շատ պարզ հիմնավորմամբ, և դիզայներներն էլ համաձայնել են իմ այդ որոշման հետ: Մենք չենք կարող մեր ժողովրդի ողբերգության վրա ստանալ խոշոր գումարներ, սա եղել է մեր բարոյական մոտեցումը և հարգանքի տուրքը` զոհերի հիշատակին. մենք աշխատել ենք մեր սովորական աշխատավարձերով: Նշեմ նաև, որ պետական բյուջեի գումարներ չեն ծախսվել, միայն հովանավորների և բարերարների աջակցությամբ է եղել այս ամենը»:
Ինչ վերաբերում է թանգարանի մասնաշենքերի կառուցման աշխատանքներին` հիմնավերանորոգում տեղի է ունեցել հին մասնաշենքում, և կառուցվել են երկու նոր խոշոր մասնաշենքեր: Այսօր նախկին երեք սենյակների փոխարեն` այցելուները կշրջեն 12 մեծ ու փոքր սենյակներով: Թանգարանում ցուցադրությունը սկսվում է ներածական տեսահոլովակով, որտեղ վեց րոպեների ընթացքում ներկայացվում է, թե ովքեր են եղել հայերն Օսմանյան կայսրությունում: Առաջին սրահում ներկայացվում է մուտքը` Արևմտյան Հայաստանը` որպես խորան-բնօրրան, և հայերի թուրքական բռնության մշակույթը` որպես համաշխարհային պատմության մեջ մարդու իրավունքների խախտման կարևորագույն մի ֆենոմեն: «Այստեղ մենք գտել ենք առանցքը ցուցադրության` Ցեղասպանությունը մարդու իրավունքների ծայրագույն խախտման դրսևորումն է, և մենք սկսել ենք Օսմանյան բռնության մշակույթի այդ յուրահատուկ ներկայացմամբ: Եթե ուշադիր նայեք, առաջին տեսողական նյութը սկսվում է 1707 թ. Կոմիտաս քահանայի (Պոլսում ժամանակին Կոմիտաս քահանա կար) գլխատման տեսարանով: Նրան առաջարկել էին իսլամ ընդունել, իսկ նա հրաժարվեց, ու հրամայեցին գլխատել նրան»,- պատմում էր թանգարանի տնօրենը:
Հայկ Դեմոյանի խոսքով` սրահներում կան նյութեր, որոնք առաջին անգամ են շրջանառության մեջ դրվում մշտական ցուցադրության մեջ, և դրանց մեծ մասի բնօրինակները պահվում են Ցեղասպանության թանգարանում: Շատ քիչ քանակությամբ բնօրինակ նյութեր կան ներկայացված այստեղ, քանի որ, ըստ տնօրենի, այսօր թանգարանային տեխնոլոգիան զարգանում է հենց այդ ուղղությամբ: Այժմ թանգարանում ցուցադրված են նաև հայ մտավորականների` Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի վերջին նամակները, որոնք հենց բնօրինակներով են ներկայացված, դրանց կողքին նաև կգտնենք մի հայ բժիշկի նամակ` գրված իր զավակին` կախաղանից մեկ օր առաջ:
«Շատ քիչ բնօրինակ նյութեր կան ներկայացված, բայց դրանք պաստառային են, իհարկե, մենք չենք կարող չօգտագործել նաև բնօրինակները, որպեսզի ցուցադրությունը լուրջ տպավորություն թողնի: Ներառված են նաև վաղ հրատարակություններ, բնօրինակ փաստաթղթեր, որոնցից մի քանիսն իսկապես բացառիկ են, այդ նմուշների կողքին նշված է նաև նվիրատուի անունը: Շատերը հազվագյուտ են, դրանից մեծ մասի երկրորդ-երրորդ օրինակը հաստատ չի գտնվի»,- պատմում է թանգարանի տնօրենը:
Թանգարանը նոր է նաև նրանով, որ այստեղ կիրառված են մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, հպումով համակարգիչներ, որոնք հնարավորություն են ստեղծելու հազարավոր այլ նյութեր տեսնել թվայնացված տարբերակով: Սրահներում տեղադրված են նաև «փոփոխվող էկրաններ», որոնք ցույց են տալիս Ցեղասպանության տարբեր դրվագներ` ավելի ընդարձակելով ունեցած նյութը: Նմուշներից ու փաստաթղթերից բացի, պատերին նաև ներկայացված են տեղեկություններ` տարբեր խորագրերի ներքո: Ի դեպ, թանգարանում տեղադրված են յոթ պրոյեկտորներ, որոնք գլխավոր դահլիճում ինստալյացիոն էֆեկտ են ստեղծում:
Նոր ցուցադրության մեջ, հայ մտավորականների դիմանկարների մեջ կգտնենք նաև կանանց նկարներ, և սա առաջին անգամ է, որ հայ մտավորականների մեջ միայն տղամարդկանց նկարներ չեն ցուցադրված, եղել են նաև կանայք, ու դա, ըստ տնօրենի, փոփոխությունների նոր մոտեցում է. մտավորականների նկարներում բոլոր պատկերվածների երկրային կյանքն ավարտվում է 1915 թվականով: Ուրիշ մի հետաքրքիր լուծում ունի ցուցադրության այս հատվածը. մտավորական զոհերը նայում են ոճրագործների պատին, դա «Երիտթուրքերի պատն» է, որտեղ ներկայացված է Ցեղասպանության ոճրագործների հիերարխիան` սկսած վերին հատվածից` որոշում կայացնողներից, վերջացրած ստորին հատվածով` թուրքերով ու քրդերով:
Առաջին մեծ սրահից հետո սկսվում է շենքային նոր հատվածը, որը գաղթի ճանապարհի խորհրդանշանն է, որն ուղեկցվում է յուրահատուկ մի ձայնով. այն հեռագրական ապարատի ձայնն է, որը, թանգարանի տնօրենի խոսքով, Թալիաթն օգտագործում էր իր խոհանոցում, նա հեռագրատան աշխատակից է եղել և պաշտոնական հեռագրեր է ուղարկել շատերին՝ կոտորածների հետքերը թաքցնելու նպատակով: Այս թեքահարթակը խորհրդանշում է բռնագաղթը, որի արտացոլումը երևում է վերևի հատվածում ներկայացվող ֆոտոներում: Իսկ վերևում ներկայացված Կոմիտաս վարդապետի հայացքը նույնպես նայում է ճիշտ այս ճանապարհին, նա երբևէ չի տեսել բռնագաղթյալների քարավան, ու նրա հայացքն այսօր նայում է դեպի այն տեսարանները, որոնք նա չի տեսել, բայց երևակայել է: Գաղթյալների ճանապարհն անցնելուց հետո բացվելու է թանգարանի ներքևի հատվածը, որտեղ շատ ավելի հուզական տեսարաններն են ցուցադրված:
Թանգարանի տնօրենը պատմեց, որ նոր ցուցադրության սկզբունքը նաև հայացքներն են, որոնք ամենուրեք հետևում են ու կարծես ցանկանում են ինչ-որ բան ասել. հայացքներ, որոնք տեսել են մյուս սարսափազդու տեսարանները: Ցուցադրության նորություններից են նաև այն փոքրիկ սրահները, որտեղ այցելուն հնարավորություն ունի լսել ականատեսի պատմություններ: Սրանք առանձնացված սենյակներ են, որտեղ էկրանին ներկայացվում են տասնյակներով վերապրողների պատմություններ. նրանց ձայնը՝ միահյուսվելով Կոմիտասի ձայնի հետ, ստեղծում է իսկական ողբերգական մի միջավայր:
Լուսանկարները՝ հեղինակի