Google-ը խուսափում է քաղաքական թեմաներից
«Իհարկե, Հռոմի պապը և Քիմ Քարդաշյանը շատ պայթյունային էֆեկտ ունեին, հիմա մի քիչ նվազել է, բայց, եթե նույնիսկ նվազել է, բացարձակ չի վերադարձել այն հին տարբերակին, այսինքն՝ թեման շարունակում է եփել, եռալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության թեմայի արձագանքների մասին:
Նա նկատեց, որ SOAD-ի համերգների շարքն էլ աշխուժություն է բերում սոցիալական ցանցերում: Ըստ նրա՝ հարցն այն է, թե որքանով մենք կկարողանանք հետո պահել այս ակտիվությունը:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ապրիլի 24-ին Google-ը փոխվելո՞ւ է Doodle-ի՝ հաշվի առնելով այն ստորագրահավաքը, որն անց է կացվում սոցցանցերում, և արդեն մոտ 150 հազար մարդ է միացել այդ պահանջին, մեդիափորձագետը պատասխանեց, որ ինքը չի կարծում, որ Google-ը կփոխվի Doodle-ի այդ օրը. «Խնդիրն այն է, որ մարդիկ մի քիչ լավ չեն հասկանում, թե Change.org-ն ինչ է: Դա հարթակ է ինչ-որ արշավներ անցկացնելու համար, ստորագրահավաքներ հավաքելու համար, ուրիշ ոչինչ այնտեղ չկա: Ինչ-որ մի պահից Քարդաշյան քույրերն էլ սկսեցին գրել, որ՝ մտեք, ստորագրեք, և այլն, ինչի հետևանքով միանգամից 150 հազարն այդպես արագ հավաքվեց: Իհարկե, ոչինչ 100%-ով չեմ կարող ասել, բայց կարող եմ բացատրել, թե ինչու եմ ես համարում, թե այնտեղ չի լինի նման բան: Առաջինն այն է, որ ստորագրությունների քանակը ոչինչ չի նշանակում Google-ի համար, կարող է Google-ն ընդհանրապես տեղյակ էլ չլինի, որ նման ստորագրահավաք է անցկացվում: Բայց եթե նույնիսկ տեղյակ էլ լինի, եթե նայեք Դուդլների պատմությունը, կարող եք տեսնել, թե ինչ դուդլներ են լինում: Դուդլները լինում են կա՛մ ինչ-որ մի շատ կարևոր պատմական, բայց ոչ քաղաքական իրադարձության վերաբերյալ, կա՛մ ինչ-որ մի հայտնի մարդու ծննդյան հետ կապված: Եթե դուք այդ ցանկին նայեք, կտեսնեք, որ բոլորը վառ են, ուրախ տոների վեաբերյալ են, այդպես ծանր թեմայով դուդլ դուք չեք գտնի»:
Մեդիափորձագետը նաև նշեց, որ Google-ը խուսափում է քաղաքական թեմաներից. «Իրենք, չեմ կարծում, որ հավես ունեն՝ մտնեն Թուրքիայի հետ ինչ-որ խնդիրների մեջ՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Թուրքիան Google-ի համար շատ մեծ շուկա է: Այսինքն՝ եթե այս հարցը ապաքաղաքականացվի, այսինքն՝ դառնա ինչ-որ ընդհանուր ճանաչված մի բան, նրանք կարող են ինչ-որ ձևով դնել, բայց հիմա, չեմ կարծում, որ նման բան լինի: Մաքսիմում՝ կարող է լինել այն, որ իրենք ինչ-որ ձևով դուդլ դնեն միայն Հայաստանի համար, այսինքն՝ միայն Հայաստանից այցելուները տեսնեն»: