«Զահրմար, տվել եք, սպանել եք, իյա էլ ասում եք», «գերեզմանի փող է տվել, հարսանիքի փող չի տվել». լարված իրավիճակ՝ Վարդան Պետրոսյանի գործով
Քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատախազի և տուժողեր և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Գործով մեղադրողը դատարանին խնդրեց բեկանելԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Ներկայացնելով իր բողոքը՝ դատախազն ասաց, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի չափն անհիմն է, այն ակնհայտ մեղմ է: Որպես օրինակ՝ մեղադրողը ներկայացրեց նույն դատարանի կողմից 2013թ. կայացված դատավճիռ, որում, ըտ նրա, նույն փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակվել 7 տարի ժամկետով:
Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ խնդրեց բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Վարդան Պետրոսյան նկատմամբ նշանակել նվազագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով հայցապահանջը:
Ըստ նրա՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը պարտավոր էր քննության առնել հանցագործության կատարման հանգամանքները, ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքից հետո հանցավորի վարքագիրը և մի շարք այլ հանգամանքները:
«Հանցագործության կատարման հանգամանքները քննելիս դատարանը պետք է հաշվի առներ, որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել տվյալ հատվածում գերազանցված արագությամբ ընթանալով:
Այստեղ ձևակերպում կա, բայց ձևակերումն, ըստ իս, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ըստ փորձագետի՝ արագությունը նշվել է՝ նվազագույնը 70կմ/ժամ: Վթարի առաջացումը պայմանավորված է նաև BMW ավտոմեքենայի վարորդ ամբաստանյալի՝ վթարին նախորդող պահին հեռախոսով խոսելու հանգամանքով: Դատարանը հաշվի չի առել նաև, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան գտնվել է հողածածկ գոտում և BMW ավտոմեքնայի համար որևէ խոչընդոտ կամ վտանգ չի առաջացրել, ինչն էլ ավելի է ավելացրել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ ամբաստանյալ Պետրոսյանի արարքի վտանգավորության աստիճանը»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը քննելիս դատարանը պարտավոր էր հաշվի առնել, որ վթարի առաջացումը պայմանավորված է եղել բացառապես ամբաստանյալի ոչ օրինաչափ վարքագծով:
Ըստ նրա՝ դատարանն անարդացիորեն անտեսել է առաջ եկած վտանգավոր հետևանքների ծավալը՝ 2 մահ և 4 անձանց մարմնական վնասվածքներ, որի պատճառով էլ պատժի չափ ընտրելիս հանգել է սխալ հետևությունների.
«Հանցանքը կատարելուց հետո հանցավորի վարքագիծը գնահատելիս դատարանը պարտավոր էր քննարկել և հաշվի առնել հետևյալ փաստերը: Հանցանքը կատարելուց հետո, գտնվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, դեռևս չապաքինված, ոչ աշխատանքային կիրակի օրը, ծանր վիրահատությունից 13 օր անց այլ բաժանմունք տեղափոխվելու փոխարեն ամբաստանյալը անհետացել է, կորել է քննիչի տեսադաշտից, ինչը վկայում է այն մասին, որ վերջինս փորձ է արել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խուսափել պատասխանատվությունից:
Վարդան Պետրոսյանի գործողություններն էլ պատճառ են հանդիսացել քննիչի կողմից ձեռնարկելու անհապաղ միջոցառումներ՝ Պետրոսյանի հնարավոր փախուստը կանխելու համար: Անհապաղ միջոցառումների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նաև Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Աշխեն Պետրոսյանի վարքագծով, այն է՝ համաձայն գործում առկա տեղեկանքի՝ ամբաստանյալի քույրը հրաժարվել է նախաքննության մարմնին տրամադրել տեղեկատվություն ամբաստանյալի գտնվելու վայրի մասին:
Այն, որ 04.11.2013թ. դրությամբ ամբաստանյալը գտնվել է առողջական ծանր վիճակում, ապացուցվում է նաև 04.11.2013թ. կազմված և 06.11.2013թ. Վարդան Պետրոսյանին հանձնված ծանուցագրերով, որի տակ ամբաստանյալը կատարել է հետևյալ գրառումը՝ առողջական ծանր վիճակի պատճառով Ձեր վերը նշված ժամին և օրը չեմ կարողանա ներկայանալ: Վարդան Պետրոսյանի գրառումից պարզ և հասկանալի է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց վերջինիս առողջական վիճակը շարունակել է մնալ ծանր, ուստի և հիվանդանոցից վաղաժամ դուրս գրվելով և իր մոտ ունենալով ֆրանսիական անձնագիրը՝ վերջինս նպատակ է հետապնդել փախուստով խուսափել հետագա պատասխանատվությունից: Վերը թվարկված փաստերը դատաքննությամբ հիմնավորվել են, իսկ թե ինչու դատարանը դրանց ընդհանրապես չի անդրադարձել և որևէ գնահատականի չի արժանացրել, անհասկանալի է»:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ թե՛ դատաքննության, թե՛ նախաքննության ընթացքում Վարդան Պետրոսյանը չի ընդունել իր մեղավորությունը, չի զղջացել կատարվածի համար, ինչն, ըստ նրա, վկայում է այն մասին, որ ամբաստանյալն այդպես էլ չի գիտակցել իր արարքի վտանագավորության աստիճանը:
«Հանցանքի կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը քննարկելիս դատարանը պետք է ճիշտ գնահատեր նաև ամբաստանյալի գործողությունները՝ ուղղված տուժողներին պատճառված վնասը հատուցելուն: Այս կապակցությամբ տուժող կողմի համար անընդունելի է դատավճռով շարադրված հետևյալ դիրքորոշումը. «Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի արարքում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները, այն որ ամբաստանյալ Վ. Պետրոսյանը տուժող կողմին ցուցաբերել է 20.000 ԱՄՆ դոլար օգնություն և պատրաստակամություն է հայտնել տուժողներին կրկին ցուցաբերել նյութական օգնություն»:
Մեզ անհասկանալի է, հարգելի դատարան, առաջին ատյանի դիրքորոշումը, ինչ է նշանակում ցուցաբերել է օգնություն: Մենք դա որպես օգնություն չենք ընդունում, հարգելի դատարան»:
Ռուբեն Բալոյանի այս հայտարարությանը հետևեց դահլիճում ներկաներից մեկի բացականչությունը՝ «իյա», ինչին արձագանքեց տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի արձագանքը. «Զահրմար, տվել եք, սպանել եք, իյա էլ ասում եք»:
Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանն էլ արձագանքեց. «Գերեզմանի փող է տվել, հարսանիքի փող չի տվել»:
Ռուբեն Բալոյանն ասաց, որ դատարանը պարտավոր էր հանգել հետևության, որ Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցադիմումը ենթակա է քննության քրեական դատավարության կարգով, հայցապահանջը հիմնավորված է փաստաթղթերով, ենթակա է բավարարման:
Տուժող Արթուր Հակոբյանը միացավ Ռուբեն Բալոյանին՝ Հայաստանի բոլոր վարորդների կոչ անելով, խնդրելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում չնստել ղեկին. «Միայն դա կխնդրեմ, որ անմեղ ընտանիքներին ցավեր չպատճառեն ու քայքայեն, քանդեն ընտանիքներ: Միայն դա կխնդրեմ բոլոր վարորդներին»:
Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանն էլ ասաց, որ 20 հազար դոլարի հետ կապված հանդիպման ընթացքում «քանի որ մենք իրենց արդեն լավ ճանաչում էինք, գիտենք, որ ամեն շանտաժի ընդունակ են իրենք, մենք ձայնագրել ենք, թե գումարը ինչ նպատակով է տրվել»:
Նրա խոսքով՝ գումարը տրվել է մահացած երիտասարդ երեխաների հուղարկավորության, գերեզմանի ծախսերի համար, նրանք ասել են՝ հաշվեք՝ մեկը պատուհանին բերել, դրել, գնացել է, ինքն էլ ասել է, որ Տաթևիկի բուժման համար հայցով պիտի դիմեն:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ՝ դատապարտվելով 5 տարի ժամկետով ազատազրկման` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարով: Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել էր անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների քաղաքացիական հայցըթողնվել էր առանց քննության: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի հայցը բավարարվել էր և որոշվել Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 1.200.000 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել` դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18.825 դրամ, ապրանքագիտական փորձաքննության համար ծախսված 33.600 դրամ` որպես դատական ծախսեր: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատական ծախսն ու հնարավոր քաղաքացիական հայցն ապահովելու նպատակով նախաքննության ընթացքում Վարդան Պատրոսյանի` շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը`թողնել անփոփոխ, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում :