«Մենք առաջ չենք գնում, անընդհատ կրկնում ենք հինը». քանդակագործ
Այսօր և՛ հայկական խաչքարերը, և՛ եկեղեցաշինությունը կրկնում են անցյալը, արդեն եղած նմուշները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Նոր ժամանակների գործերում, նրա խոսքով, բացակայում է ժամանակակից մարդու մտածողությունը. «Մենք առաջ չենք գնում, անընդհատ կրկնում ենք հինը: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ ժամանակակից կաթոլիկ եկեղեցիները չեն կրկնում իրար: Այս հարցում մենք մնացել ենք հին սայլի մեջ, մինչդեռ այս դարում մարդիկ տիեզերք են հասնում»: Ինչ վերաբերում է այսօր եկեղեցիներ կառուցող բարերարներին, ըստ Ֆ. Առաքելյանի, նրանք դա անում են ոչ թե աստվածապաշտությունից, այլ աստվածավախությունից դրդված. «Պատվերը տալիս են, իսկ ճարտարապետները մի բան վերցնում են Զվարթնոցից, մի բան՝ Հռիփսիմեից, և ստացվում է հնի կրկնություն, նորը մեզ այդպես էլ չի հաջողվում տեսնել»:
Անդրադառնալով խաչքարերին, վերջինս նշեց, որ դրանք ենթագիտակցության արդյունք են և արվեստ, ժամանակակից վարպետը պետք է դրանց մեջ դնի իր ժամանակի ոգին: Հակադարձելով քանդակագործին՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ խորհրդային տարիներից հետո հայկական ճարտարապետության մասին ուսումնասիրություններ չեն արվել մասնագիտական մակարդակով, այն, ինչ այսօր ունենք, ուսումնասիրություն է միայն պատմական ճարտարապետության տեսանկյունից:
«Խաչքարը յուրահատուկ է, մոտեցումը, փիլիսոփայությունը չի կարող փոխվել, այն դարձել է մի սիմվոլ, որի բովանդակությունը չպետք է փոփոխության ենթարկել: Այս ամենին զուգահեռ՝ ես պնդում եմ, որ մեր օրերում կառուցված ոչ մի քանդակ, ոչ մի եկեղեցի մյուսին չի կրկնում, իրար նման եկեղեցիներ չկան: Եթե կրոնական առումով դրանք բավարար են, ուրեմն օգտագործվում են ծավալատարածական լուծումներ, որոնք արդեն եկեղեցաշինության մեջ դարձել են սիմվոլներ»,- հայտնեց ճարտարապետը: Ըստ մասնագետների, այս հարցում կարևոր է նաև պատվիրատուների ճաշակը, քանի որ նրանք գումար տրամադրելիս ներկայացնում են իրենց պատկերացումները: