Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում
Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են:
Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Դեռևս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելոզի դեպքից հետո, երբ մեծ աղմուկից հետո ի վերջո հայտնաբերվել էր 19 հիվանդ, բարձրաձայնել էինք, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես են հիվանդ կենդանիներին տրվել առողջությունը հաստատող փաստաթղթեր և ինչ ռիսկեր է պարունակում բրուցելոզի դեմ իրականացվող վակցինացիայի պիլոտային ծրագիրը, և ի վերջո, որ փուլում են հիվանդները վարակվել: Կոչ էինք արել նաև պարզաբանել, թե ինչու են լռել պատկան մարմինները՝ չբարձրաձայնելով և փորձելով թաքցնել դեպքը: Մինչ օրս նշյալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն բարձրաձայնվել:
Ուշագրավ է, որ վակցինացման աշխատանքներ են իրականացվում նաև Կոտայքի մարզի որոշ համայնքներում (գյուղերում), և զուգադիպություն է, թե ոչ, սակայն հիվանդության 2-րդ բռնկումը հենց Կոտայքի մարզում է:
Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել է վակցինացման հնարավոր ռիսկերի և վտանգների մասին և դեմ է եղել բրուցելոզի նկատմամբ կենդանիների վակցինացմանը, քանզի գործող ենթակառուցվածքների պայմաններում, կենդանիների համատարած համակարակալման և հաշվառման համակարգի բացակայության, տեղաշարժի անվերահսկելիության, ինչպես նաև մի շարք անհրաժեշտ պայմանների բացակայության պարագայում, մասնավորապես այն, որ անհնար է լաբորատոր փորձաքննության միջոցով պարզել արդյոք կենդանին հիվանդ է, թե՝ վակցինացված, վակցինացում իրականացնելը նպատակահարմար չէ:
Կոչ ենք անում պատկան կառույցներին ի վերջո պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել վարակի աղբյուրի հայտնաբերման ուղղությամբ, ինչն է հանդիսացել վարակի պատճառ, բրուցելոզի որ տիպն է ի վերջո ախտորոշվել մարդկանց մոտ, և ինչ գործողություններ են իրականացվում վարակի հնարավոր հետագա տարածումը կանխելու ուղղությամբ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն