Բաժիններ՝

Թուրքիայում Սևան Նշանյանի պատժաժամկետը հասցվել է ավելի քան 11 տարվա

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը հաստատել է 3 տարբեր հայցերով պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանին 4 տարի և 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը:

Նիշանյանը ներկայումս իր ազատազրկումը կրում է Այդըն նահանգի Ենիփազար շրջանի փակ բանտում: Ավելի վաղ նրան դատապարտել էին 6 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այժմ, հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի որոշումը, նրա ընդհանուր պատժաժամկետը հասել է 11 տարի 1 ամսվա:

Ընդգծվում է, որ Նշանյանը մշակութային ժառանգության պահպանման ակտի խախտման համար երկու տարբեր հայցով դատապարտվել է 4 տարի և 2 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ կնիքը խախտելու համար՝ ևս 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Ակնկալվում էր, որ Սևան Նշանյանն ապրիլի 21-ին հայտնվելու է բաց բանտում, սակայն Վճռաբեկ դատարանի որոշմամբ դա հետաձգվել է մինչև 2016 թվականը, և նա կշարունակի մնալ փակ տիպի բանտում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սևան Նշանյանին «ապօրինի շինարարություն ծավալելու» մեղադրանքով դատապարտել էին 4 տարվա ազատազրկման, իսկ դրանից առաջ էլ «Մուհամմեդ մարգարեին վիրավորելու» մեղադրանքով դատապարտել էին 13.5 ամսվա ազատազրկման:

2011 թվականի ամռանը Նշանյանը հայտարարել էր, թե Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագույնը 16.000-ի անունները թուրքացվել են. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո սկսվել է տեղանունների թուրքացման գործընթացը, որը լայն թափ է հավաքել 1950-ական թվականներին, երբ ստեղծվեց «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողովը»։

1980 թվականից հետո այդ գործընթացը բավական արգելակել է։ Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագայունը 16.000-ի անունները փոփոխված են։ Ամենաշատ փոփոխությունները կրել են հյուսիսարևելյան սևծովյան (Տրապիզոն, Ռիզե, Արդվին) և հարավարևելյան քրդական շրջանները։ Այս երկու տարածաշրջաններում տեղանունների փոփոխման ցուցանիշը կազմում է ավելի քան 75 տոկոս։ Որոշ վայրերում դա հասնում է 80-85 տոկոսի։

Միևնույն ժամանակ տեղանունների անվանափոխություն է տեղի ունեցել նաև երկրի բոլոր հատվածներում՝ Մուղլա, Յոզգաթ և այլն։ Տեղանունները փոխելու նպատակն բոլոր այն բաների հետքերի սրբումն է, որոնք թուրքական կամ իսլամական չէին։ Տեղանունները փոխարինվեցին թուրքերեն անուններով, փոխվեցին նաև այն թուրքերեն անունները, որոնք իրենց մեջ չէին պարունակում ո՛չ իսլամական, ո՛չ էլ թուրքական տարրեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս