![](/banners/BeFunky-design.jpg)
Հազարավոր եվրոպացիներ բողոքել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_63f78c49962ffa757f42e88e9cb52288.jpg)
Sputnik գործակալության փոխանցմամբ` տասնյակ հազարավոր եվրոպացիներ մասնակցել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրման դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Ընդհանուր առմամբ` այդ պայմանագրի դեմ համայն աշխարհում հանրահավաքներ են անցկացվել 700 վայրում:
Ցուցարարների ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում: 20.000 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել Մադրիդում, ևս մոտ 4000 մարդիկ դուրս են եկել Բարսելոնի փողոցներ:
Ոչ փոքրաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել Գերմանիայում: Բեռլինում մոտ 1500 ցուցարարներ կազմել են կենդանի շղթա, որը Պոտսդամի հրապարակից ձգվել է մինչև Բրանդենբուրգյան դարպասներ: Մյունխենի փողոցներ են դուրս եկել մոտ 3000 ցուցարարներ:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Լայպցիգում, Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում: Հանրահավաքներ անցկացվել են նաև Մեծ Բրիտանիայի քաղաքներում, սակայն դրանց մասնակիցների թիվը չի գերազանցել 500-ը: