Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի միտումնավոր ամնեզիան. The New York Times

Ամերիկյան The New York Times-ի խմբագրակազմը հրապարակել է «Թուրքիայի միտումնավոր ամնեզիան» խորագրով հոդվածը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.

«Ապրիլի 24-ին համայն աշխարհի հայությունը նշելու է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մեկնարկի 100-րդ տարելիցը, որը ներկայումս լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Լայնորեն ասվածը նշանակում է Թուրքիայի սահմաններից դուրս, որի կառավարությունն ու թուրքերի մեծ մասը նախկինի նման կատաղի հարձակումներ են գործում նրանց վրա, ովքեր արտահայտվում են ցեղասպանության մասին:

Երբ Ֆրանցիսկոսն այդ եզրույթը կիրառեց կիրակի` հայ զոհերին նվիրված պատարագի ժամանակ, Թուրքիան Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին, իսկ պետնախարարը չարամտորեն ընդգծեց, որ Պապն արգենտինացի է, իսկ Արգենտինայում ԶԼՄ-ներն ու բիզնեսը վերահսկվում են հայ համայնքի կողմից:

Եվ անգամ մինչև Եվրախորհրդարանի կողմից չորեքշաբթի բանաձևի ընդունումը, որում նա Թուրքիային կոչ արեց ճանաչել ցեղասպանությունը և անկեղծ հաշտեցում փնտրել հայերի հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ այն ամենը, ինչ ասում են եվրոպացիները, մտնում է իրենց մի ականջից և դուրս է գալիս մյուս ականջից:

Թուրքական այս դիրքորոշումը հատկապես տխրեցնող է, որովհետև մեկ տարի առաջ թվում էր, թե պարոն Էրդողանը հակվում է դեպի ավելի հաշտվողական դիրքորոշում` ցավակցություն հայտնելով հայ զոհերի սերունդներին և առաջարկելովվ ձևավորել միջազգային պատմաբանների խումբ` պատմական իրադարձությունները հետազոտելու համար:

Սակայն այդպիսի խումբ չստեղծվեց, և այս շաբաթ պարոն Էրդողանը վերադարձ կատարեց Թուրքիայի այն կերպարին, որը ներկայացվում է որպես միջազգային զրպարտանքի զոհ. «Խոսք անգամ չի կարող լինել այսպես կոչված ցեղասպանությամբ Թուրքիայի վրա բիծ թողնելու, ստվեր նետելու մասին»:

Հայերի համար, որոնցից միլիոնավորները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ձևավորել են գլոբալ Սփյուռք, երկար տասնամյակներ գլոբալ առաքելություն է հանդիսացել այն պահանջը, որ ճանաչվեն Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների զանգվածային սպանությունները, մահվան երթերն ու համակենտրոնացման ճամբարները, որոնք հանգեցրել են 1.5 միլիոն մարդկանց մահվան:

Թուրքիան մի կողմից ընդունում է, որ զոհվել են մեծ թվով հայեր, սակայն պաշտոնական պատմությունն ասում է, որ դա եղել է տհաճ պատերազմի անցանկալի դրվագ և ոչ թե մարդկանց ոչնչացնելու միտումնավոր փորձ, այլ կերպ ասած` ցեղասպանություն: Թուրքիայում այլ բան պնդելը հանցանք է` «թուրքական ինքնագիտակցության վիրավորանք», ինչը խորթ է օտարազգիների համար:

Նախորդ տարի Էրդողանը ճշմարիտ ուղու վրա էր, երբ կոչ արեց ձևավորել փորձագիտական անկախ խումբ և այժմ բարդ է հասկանալը, թե ինչու է նա հետքայլ կատարել: Որքան երկար թուրքերը հրաժարվեն դիտարկել և ամբողջովին ընդունել այդ պատմությունը, այնքան դա ավելի շատ վնաս կպատճառի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:

ԱՄՆ-ը չպետք է հաշտվի ժխտողական այդ դիրքորոշման հետ: 2008 թվականին իր նախագահական կամպանիայի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել է. «Որպես նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, ինչպես և իր նախորդները, հետագայում նա սկսեց հաշվի առնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի (Թուրքիայի) կարևորությունը:

Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարևոր է, սակայն ԱՄՆ-ը պետք է առնվազն միանա Եվրոպային ու Ֆրանցիսկոսին` լուսավորելու համար Էրդողանին, որ Թուրքիայի համար առավել մեծ վտանգը ոչ թե որևէ մեկի կողմից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու մեջ է, այլ` 100 տարի առաջ տեղի ունեցածի ժխտման մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս