«Պետք է բարձրացնել տարածքային փոխհատուցման հարցը». Զարուհի Փոստանջյան

Ապրիլի 24-ից հետո քաղաքական կազմակերպությունները և քաղաքական միտքը պետք է զարգանա ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզը միտում ունի փոփոխման, պետք է նոր հայեցակարգ հաստատվի, որովհետև միայն մեկ հարցում ենք մենք առաջընթաց գրանցել՝ ունենք մարտունակ բանակ, սակայն այն չափազանց անգին է, քանի որ մեր զինվորների և զինվորականների կյանքի գնով է իրականացվում»,-հայտնեց պատգամավորը:

Անդրադառնալով Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին, պատգամավորը նշեց, որ նման հարթակներում քաղաքական որոշումները կարևոր են լայն շրջանակներով անելիքների տեսանկյունից. «Պետք է փոխհատուցման հարցը բարձրացնել, որը մինչև այժմ մեր արտաքին դիվանագիտություն և քաղաքականության մեջ ընդգրկված չէր: ԱԺ-ում այժմ ստորագրահավաք է անցկանցվում՝ արտահերթ անցկացնելու հետ կապված, որի ժամանակ պետք է Համահայկական հռչակագրում տեղ գտնի ճանաչումը, ինչը ենթադրում է, որ տեղի ունեցածը քրեական հանցագործություն է»:

Պատգամավորը հայտնեց, որ պետք է բարձրացվեն ֆիզիկական, նյութական, հոգեբանական, տարածքային փոխհատուցման հարցերը, քանի որ Թուրքիան ինչքան էլ շարունակի ժխտողականության քաղաքականությունը, միևնույն է՝ իր արխիվներում կան դատավճիռներ, որտեղ հստակ նշված է, որ տեղի են ունեցել զանգվածային կոտորածներ:

«Միջազգային հանրության արձագանքները՝ ի դեմս Վատիկանի, պետք է հայկական կողմից ճիշտ կառավարվեն, պետք է օգտագործել բոլոր լծակները, մասնավորապես, թե որքանով են իրատեսական քրդական պետության ստեղծման հեռանկարները, իսլամական պետության ծրագրերի ազդեցությունը մեր տարածաշրջանի համար և այլն»,- նկատեց բանախոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս