Արդեն էական չէ, թե թվային ինչ ցուցանիշ կլինի. Արսեն Ղազարյանը՝ ՀՀ տնտեսության մասին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համար ակնհայտ է, որ այս տարի տնտեսական մեծ արդյունքներ Հայաստանը չի կարող ապահովել, և արդեն էական չէ, թե թվային ինչ ցուցանիշ կլինի: «1 տոկոս ավել, 1 տոկոս պակաս, Համաշխարհային բանկը մի բան է ասում, ԱՄՀ-ն՝ մի բան, փորձագետները՝ ուրիշ, մեր ԿԲ-ի կանխատեսումներն էլ ուրիշ են: Պարզ է, որ դա սպասումների, վերադասավորումների տարի է, և շատ բան օբյեկտիվորեն կախված է արտաքին գործոններից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա՝ մի քանի խոշոր ծրագրեր կան, որոնք պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենան ՀՀ տնտեսության վրա: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սպասվող թանկացմանը՝ Ա.Ղազարյանը նշեց, որ բնականաբար, ցանկացած ինքնարժեքի թանկացում բացասական ազդեցություն է ունենալու զարգացման տեմպերի վրա, բայց ամեն ինչ կախված է չափերից: Նրա կարծիքով՝ էլեկտրաէներգիան դրամային արտահայտությամբ պետք է ճշգրտման ենթարկվի, որովհետև էներգակիրները գնվում են դոլարով, բնակչությանը վաճառվում դրամով. «Սա լուրջ սոցալական խնդիրներ է առաջացնում ոչ միայն բիզնեսի, այլև բնակչության վրա: Արդյունաբերության մեջ կարելի է այլ գործոններով փոխհատուցել, որ ինքնարժեքի վրա շատ չազդի»:
168.am-ի հարցին՝ վերադասավորումների ու սպասումների մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է, ի վերջո, ե՞րբ է գործարարների համար բարենպաստ դաշտ լինելու, Ա.Ղազարյանը պատասխանեց, որ 2014 թվականը վատ չենք փակել. «2009-2010թթ. ֆինանսական ճգնաժամից հետո կարողացանք վերականգնել տնտեսությունը, և հիմա նոր փուլ է սկսվել՝ թե´ համաշխարհային, թե´ տարածաշրջանի տնտեսության մեջ, և այս նոր փուլը կրկին պահանջում է դիվերսիֆիկացիա, շուկաների վերադասավորում, որը շատ բարդ խնդիր է: Մենք մեր պլանավորումն ամբողջովին կատարել էինք ԱՊՀ տարածքի վրա, բայց այդ տարածքն այսօր հիվանդագին վիճակում է: Այդ տարածքում գնողունակության անկումը և վալյուտային ցնցումները չեն դադարում: Սա մշտական գործող պրոցես է, և միշտ մարտահրավերներ լինելու են տնտեսությունում: Մեկ օրում հնարավոր չէ մտնել այլ շուկաներ և ունենալ նույն հաջողությունները, որ մենք 23-24 տարվա ընթացքում ձեռք էինք բերել պատմական ժառանգված մեր շուկայից՝ ԱՊՀ տարածքից: Մեր գործարարների կողմից քայլեր են արվում այլ շուկաներ, մասնավորապես՝ Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ արտահանումներ իրականացնելու ուղղությամբ, բայց դրանք տոկոսային հարաբերությամբ դեռևս չեն կարողանում մրցակցել այն շուկայի հետ, որտեղ հայ արտահանողները վերջին տարիներին լայնածավալ աճ ունեին և դեռ սպասում ենք, որ կայունանա ու նույն ձևով շարունակենք»:
Ա.Ղազարյանը նշեց, որ այս տարվա առաջին 2 ամիսների համեմատ ներկայումս արտահանումների վիճակը փոքր ինչ բարելավվել է: Ըստ նրա՝ դա սեզոնային է, քանի որ ՌԴ-ում գնորդների մոտ կուտակված ապրանքը սպառվել է և պետք է լրացվի: Նաև, Ղազարյանի խոսքով, ռուբլին է որոշ չափով կայունացել, ինչի արդյունքում ռուսական շուկայում գնագոյացման նկատմամբ վերաբերմունքն է կայունանում:
«Ես հույս ունեմ, որ գոնե 2014 թվականի ցուցանիշներին կհասնենք տարվա կեսից»,- ասաց նա: