Պուտինը տեղյակ չէ Նեմցովի սպանության հնարավոր պատվիրատուների մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «ուղիղ գծով» շփվում է երկրի քաղաքացիների հետ: Դրա ժամանակ Պուտինն անդրադարձել է մոտ երկու ամիս առաջ Մոսկվայում կատարված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը:
Պուտինը հայտարարել է, որ չնայած նրան, որ Նեմցովն ընդդիմադիր կեցվածք է որդեգրել իր նկատմամբ՝ իրենք շփումների ժամանակ ունեցել են լավ հարաբերություներ: Պուտինն ըդնգծել է, որ նման կարգի սպանությունը ողբերգական ու ամոթալի երևույթ է. «Ես արդեն իսկ արտահայտվել եմ այդ հարցով, կարծում եմ, որ դա բացարձակապես ամոթալի երևույթ է՝ ողբերգական ու ամոթալի»:
Պուտինը գովեստի խոսքեր է հասցեագրել հատուկ ծառայություններին՝ հայտարարելով, որ նրանք լավ և օպերատիվորեն են աշխատել Նեմցովի սպանության հետաքննման ժամանակ: Պուտինը մանրամասնել է, որ սպանությունից մեկ-մեկուկես օր անց հայտնի են դարձել սպանությունն իրականացնողները:
Պուտինը հավելել է, որ ներկայումս իրեն որևէ բան հայտնի չէ Նեմցովի սպանության պատվիրատուների մասին. «Ես դեռ տեղյակ չեմ՝ կհաջողվի՞ բացահայտել պատվիրատուներին և արդյոք կան պատվիրատունե՞ր: Բնականաբար դա հայտնի կդառնա այն աշխատանքի ընթացքում, որը տարվում է ներկայումս»: