«Մենք անգամ պետք է շնորհակալություն հայտնենք Թուրքիային». Կառավարման փորձագետ

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա գնահատում այս ընթացքում Թուրքիայի դիվանագիտությունը, պահվածքը, ժխտողական քաղաքականությունը, «հիստերիկ» դրսևորումները: Ի պատասխան՝ Հ. Մեսրոբյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի ապրիլի 24-ին՝ կախված նրանից, թե ովքեր են գալու Երևան՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար, և ովքեր են գնալու Գալիպոլիի ճակատամարտը նշելու:

«Դրա պատճառով դեռ վաղ է այս հարցին ամբողջությամբ պատասխանել, որովհետև դե ֆակտո մենք ինքներս կզգանք շատ բաներ: Մենք անգամ պետք է շնորհակալություն հայտնենք Թուրքիային, որ այս զտման հնարավորությունը տվեց: Տեսնենք՝ աշխարհն իրականության մեջ, ելնելով մի շարք քաղաքական և այլ հարցերից, ի՞նչն է ընտրելու և ի՞նչ ստատուսով: Օրինակ, ես գիտեմ, որ մի շարք պետություններ մի պաշտոնական անձ կուղարկեն Թուրքիա, մի ուրիշ պաշտոնական անձ կուղարկեն Հայաստան: Այստեղ ստատուսների հարցն է առաջ գալիս, որ ստատուսի անձը որտեղ է գնալու՝ Գալիպոլին նշելո՞ւ, թե՞ Ցեղասպանության 100-ամյակը»,- ասաց կառավարման փորձագետը:

Ըստ նրա՝ այն, որ երեկ էլ Եվրոպական խորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ակնհայտ երևում է քաղաքականություն. «Որովհետև, եթե դու մտնում ես առևտրի մեջ (իսկ Եվրոպան հիմա Թուրքիայի հետ առևտրի մեջ է), ինչքան շատ դու ունենաս որոշակի լծակներ (իսկ Ցեղասպանությունը լծակ է), այնքան դու կարողանում ես ավելի պինդ դիրքերից բանակցել: Բնական է, որ այստեղ քաղաքականությունն ակնառու է: Դեռ ժամանակը ցույց կտա՝ սա Թուրքիայի բացթողո՞ւմն է, թե՞ ոչ, որովհետև շատ կարևոր է, թե ինչ է կատարվելու այդ հարցում և ընդհանրապես Հայկական հարցում 2015 թվականի ապրիլի 24-ից հետո»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս