
Թուրքիան կարող է Հռոմի պապին պատասխանել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով. Անկարայի մուֆթի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարության նկատմամբ Թուրքիայի պատասխանը կարող է դառնալ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելը: Այս մասին հայտարարել է Անկարայի մուֆթի Մեֆաիլ Հըզլըն.
«Կարծում եմ, որ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապի հայտարարությունը կմոտեցնի աղոթելու համար Այա Սոֆիայի բացումը: Հռոմի պապը հանդես է եկել հապճեպ ու միակողմանի հայտարարությամբ, որովհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ցավեր ապրել են ոչ միայն հայերը, այլև՝ երկրի մուսուլմանական բնակչությունը» :
Հըզըլը հիշեցրել է, որ Հռոմի պապը նախորդ տարվա նոյեմբերին այցելել է Թուրքիա և հանդես է եկել խաղաղասիրական ուղերձով՝ հայտարարելով, որ հարցի լուծումը «պետք է թողնել» պատմաբաններին: Նա «անարդար» է որակել օրեր առաջ Հռոմի պապի արած հայտնի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ 324 թվականին կառուցված, մոտ 56 բարձրությամբ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել 1935 թվականին, իսկ 1985 թվականին ընդգրկվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգությունում:
Ավելի վաղ Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեթ Գյորմեզը հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելը չպետք է գնահատվի որպես մուսուլմանների ու քրիստոնյաների միջև դիմակայություն: