Անկում, լճացում, աճ…
Արժույթի միջազգային հիմնադրամը նախօրեին հրապարակել է «World economic outlook» զեկույցը, որտեղ բավականին տխուր լուրեր կան ՀՀ-ի համար։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2015թ. ՀՀ տնտեսությունն անկում կարձանագրի` 1 տոկոսով։
Ըստ զեկույցի, ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպը 2014թ. երկրորդ կեսին դանդաղել է, և վատթարացել են հետագա աճի կանխատեսումները։ ԱՄՀ-ն նվազման ուղղությամբ կանխատեսումների վերանայումը պայմանավորում է առաջին հերթին` ՌԴ-ի տնտեսական վիճակի վատթարացմամբ։ Ըստ ԱՄՀ կանխատեսման` ՌԴ-ի տնտեսությունը 2015թ. կարձանագրի 3.8%-անոց անկում։ Անկումը կշարունակվի նաև հաջորդ տարի` 2016-ին, և կկազմի 1.1%։ Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերին` ԱՄՀ նախորդ կանխատեսման համաձայն` ՌԴ-ի տնտեսական աճը 2015թ. պետք է կազմեր 0.2%։ ԱՊՀ մնացած երկրների տնտեսական աճի միջին ցուցանիշը նույնպես նվազեցվել է։ 4% տնտեսական աճի փոխարեն` ԱՄՀ-ն այժմ կանխատեսում է ընդամենը 0.4% աճ։
Աճի կանխատեսումներն ամենից շատ նվազեցվել են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի համար։ Բելառուսի տնտեսությունը կկրճատվի 2.3%-ով։ ԵՏՄ անդամներից միայն Ղազախստանին կհաջողվի այս տարի աճ ապահովել, այն էլ թույլ տեմպով` 2 տոկոսով։
«Անորոշության ժամանակահատվածի երկարաձգումը և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը կարող է է՛լ ավելի թուլացնել հետագա ներդրումները։ Տարածաշրջանի երկրներում ազգային արժույթների կտրուկ արժեզրկման հետևանքով վատթարացել են բանկային և կորպորատիվ հաշվեկշիռները, ինչը կարող է ֆինանսական կայունության ռիսկեր առաջացնել»,- նշվում է ԱՄՀ զեկույցում։ Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին հրապարակված նախորդ զեկույցում ԱՄՀ-ն 2015 թվականին Հայաստանի համար 3.5% տնտեսական աճ էր կանխատեսել։
Նշենք նաև, որ սա այս պահի դրությամբ միջազգային կառույցների կողմից հնչեցված ամենահոռետեսական կանխատեսումն է։ Մինչ այդ գրեթե բոլոր միջազգային կառույցները և վարկանիշային գործակալությունները Հայաստանի համար տնտեսական աճի տեմպի դանդաղում էին կանխատեսել։ Անգամ ՀՀ Կենտրոնական բանկն էր մռայլ կանխատեսում արել` 0.4-2% տնտեսական աճ։
Մինչ այս հնչած ամենահոռետեսական գնահատականը տվել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։ Դեռ 2014-ի սեպտեմբերին ՎԶԵԲ-ը 2015թ. համար ՀՀ-ի տնտեսական աճը կանխատեսել էր 3.5%-ի սահմաններում։ Իսկ մարտի սկզբին վերանայեց կանխատեսումը` զրոյական տնտեսական աճ` ստագնացիա։ Ընդ որում, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էր, որ առաջին հայացքից կարող է թվալ, թե ՎԶԵԲ-ը պակաս լավատես է, քան նմանատիպ զեկույցներով հանդես եկող միջազգային մյուս կազմակերպությունները։ Սակայն ավելացրել էր, որ մյուս ֆինանսական կառույցների կանխատեսումների դեպքում ևս ժամանակի ընթացքում ցուցանիշների նվազում կնկատվի։ ԱՄՀ-ն, փաստորեն, հաստատեց Դեյվիսի ենթադրությունը։
ԱՄՀ զեկույցի համաձայն` զրոյական աճ կունենանք լավագույն դեպքում` 2016թ., եթե իհարկե, կանխատեսումները հետագայում չվերանայվեն նվազման ուղղությամբ։ 2015 և 2016-ից բացի` ԱՄՀ-ն կանխատեսել է նաև 2020թ. տնտեսական աճը։ ՀՀ-ի համար այդ ցուցանիշը կազմում է 3.5%։ Ըստ ԱՄՀ-ի` 2015-ին ՀՀ տնտեսությունը կմտնի ռեցեսիայի փուլ։ Նշենք, որ ռեցեսիան ՀՆԱ-ի անկումն է` երկու եռամսյակ անընդմեջ։ Հայաստանի հետ միասին ռեցեսիայի մեջ կհայտնվի նաև Բելառուսի տնտեսությունը։ Վրաստանի տնտեսական աճի տեմպը նույնպես վերանայվել է` նվազման ուղղությամբ (2% աճ` 2015-ին)։ Տնտեսական վատթարացման ներկայիս պայմաններում ԱՄՀ փորձագետները առաջնահերթ են համարում մակրոտնտեսական կայունության պահպանումը։
ՌԴ-ից եկող բացասական ազդակներին դիմակայելու համար, ըստ զեկույցի հեղինակների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է իրականացնեն հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն, եթե ֆիսկալ տարածքը, ֆինանսավորման հնարավորությունները և արտաքին դիրքը դա թույլ են տալիս։ ԱՄՀ-ն խորհուրդներ է տալիս նաև դրամավարկային քաղաքականության և, մասնավորապես, փոխարժեքի հարցով։ ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս փոխարժեքային տատանումների ավելի մեծ ճկունություն ապահովել և, եթե անհրաժեշտ է` թույլ տալ ազգային արժույթների հետագա արժեզրկում` արտաքին պահուստների կորուստները նվազագույնի հասցնելու և մրցունակությունը չխաթարելու համար։ Ըստ ԱՄՀ-ի` փոխարժեքի հարցում ճկունությունը թույլ կտա դիմակայել ցնցումներին։ Իսկ ավելի կոշտ դրամավարկային քաղաքականության կարիք, հնարավոր է, լինի փոխարժեքի պատճառով առաջացած գնաճային ճնշումների դեպքում։ Այսինքն` Արժույթի միջազգային հիմնադրամը խորհուրդ է տալիս բաց թողնել դրամը։ ՀՀ-ում նույնպես մի շարք տնտեսագետներ կիսում են այս տեսակետը` արժեզրկել դրամը` արտահանման խնդիրները լուծելու և արտաքին պահուստները չմաշեցնելու համար։ Սակայն ԿԲ-ն առայժմ ձեռնպահ է մնում այդ քայլից` գների կտրուկ աճ թույլ չտալու համար։