
Չավուշօղլուն ապրիլի 24-ին ընդառաջ կրիտիկական այցով կմեկնի ԱՄՆ. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտնի հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այս շաբաթվա վերջին մեկնելու է Վաշինգտոն:
Այնտեղ նա հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ և քննարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը, որպեսզի նա դրա ժամանակ չարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը:
Թերթը Չավուշօղլուի ամերիկյան այցը որակել է որպես շատ կրիտիկական: Թուրքական թերթը ներկայացրել է երեք քայլ, թե ինչ կարող է հաջորդել նրան, եթե Բարաք Օբաման ամեն դեպքում ապրիլի 24-ին կիրառի «ցեղասպանություն» բառեզրը.
1) ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հստակեցնող դաշնային կառավարության դիրքորոշումը ուժգին հենարան կդառնա ամերիկյան դատարաններում ցեղասպանության վերաբերյալ ընթացիկ դատավարությունների համար:
2) Եթե Թուրքիան ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից ճանաչվի ցեղասպան երկիր, ապա նա տանուլ կտա ամերիկյան նահանգներում այդ թեմայով բացված փոխհատուցման հայցերը:
3) Օբամայի այդ որոշումն օրինակելի կլինի նաև մյուս երկրների համար և իրավական նույնպիսի գործընթաց կսկսվի նրանցում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները, սակայն չէր գործածել «ցեղասպանություն» բառը: