ԵՏՄ-ը գաղտնիության մակագիր է դնում փաստաթղթաշրջանառության վրա. Известия
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր վավերացնում է (արդեն իսկ վավերացրել է – 168.am) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման վերահսկողության մասով լիազորությունների իրագործման ժամանակ գաղտնի տեղեկատվության պաշտպանության և դրա հրապարակման համար պատասխանատվության կարգի մասին» համաձայնագիրը:
Փաստաթուղթը հստակեցնում է ԵՏՄ-ի գործունեությանն առնչվող գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու կանոնները, ինչպես նաև հստակեցնում է այն անձանց պատասխանատվությունը, ովքեր իրավասու են օգտվել այդ տեղեկատվությունից:
Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Դաշնային հակամոնոպոլ ծառայության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ցիգանովը հայտարարել է, որ այդպիսով Ռուսաստանն ավարտում է ԵՏՄ-ի հակամոնոպոլ վերահսկողության համակարգի ձևավորումը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի անդրսահմանային ապրանքաշուկաներում:
Ցիգանովը մանրամասնել է, որ համաձայնագիրը տարածվում է այն հարաբերությունների վրա, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՄ-ի մշտապես գործող վերազգային կարգավորիչ մարմին), ԵՏՄ-ի անդամ հանդիսացող կողմերի պետական իշխանական մարմինների, կողմերի իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև, որոնք տիրապետում են այդ գաղտնի տեղեկատվությանը:
Նրա խոսքերով՝ ողջ տեղեկատվությունը, որը հայտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնօրինության տակ, ավտոմատ ստանում է «ծառայողական օգտագործման համար» մակագիր, և որ դրա հրապարակման համար մեղավոր ճանաչված անձին սպառնում է տարբեր աստիճանի պատասխանատվություն:
Օրինակ, կարգապահական պատասխանատվությունն իրենում ներառում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամ դադարեցում կամ էլ նրա աշխատակցի պաշտոնանկություն: Բացի այդ, մեղավոր ճանաչված անձինք կարող են ենթարկվել քաղաքացիական, վարչական ու քրեական պատասխանատվության՝ կախված նրանց մեղավորության աստիճանից ու ԵՏՄ-ի մասնակից երկրի օրենսդրությունից:
Բելառուսը համաձայնագիրը վավերացրել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, իսկ Ղազախստանում այն ստորագրվել է 2015 թվականի մարտին: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ղազախստանի վրա դրա տարածվելուն, ապա Ցիգանովը հայտարարել է.
«Ղրղզստանը դրան միացել է ավտոմատ՝ սկսած ԵՏՄ-ին միանալու մասին որոշում ընդունելուց (պլանավորված է, որ Ղրղզստանը ԵՏՄ-ին կանդամակցի մայիսին), իսկ Հայաստանի հետ կապված՝ այնտեղ նախատեսվում են որոշակի հատուկ ընթացակարգեր, արդեն իսկ ստորագրվել է արձանագրություն, և ներկայումս մենք սկսել ենք պատրաստել համապատասխան փաստաթղթերը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ քայլ է՝ անդրսահմանային ապրանքաշուկաներում ԵՏՄ-ի հակամոնոպոլ վերահսկողության համակարգի ձևավորման համար»:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը թերթին հայտնել է. «Կան տեղեկատվության մի շարք տիպեր, որոնք ունեն կոմերցիոն գաղտնիքի կարգավիճակ, իսկ ԵՏՄ-ում հաճախ են լուծվում վիճելի կամ էլ անգամ կոնֆլիկտային հարցեր:
Դրա համար էլ երբ մենք կոմերցիոն գաղտնիքի հարցերը մի երկրից փոխանցում ենք մյուս երկրին, ապա անհրաժեշտ է, որ այնտեղ չխախտվեն կոմերցիոն գաղտնիքի տիրոջ իրավունքները: ԵՏՄ-ն գնալով սկսում է լուծել ավելի լուրջ հարցեր, ինչը վկայում է նրա անդամների ինտեգրման մակարդակի մասին»: