
Միջերկրական ծովում նավաբեկման հետևանքով զոհվել է 400 ներգաղթյալ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկման հետևանքով զոհվել է 400 ներգաղթյալ: Այս մասին հայտնել է Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Նավը խորտակվել է Լիբիայից Իտալիա ուղևորվելիս:
Ողջ մնացածներին տեղափոխել են այլ նավեր և հասցրել են իտալական նավահանգիստ: Նրանք հայտնել են, որ զոհերի թվում կան մեծ թվով երիտասարդներ: Ընդհանուր առմամբ նավում գտնվել է 550 ներգաղթյալ: Նավը ծով դուրս գալուց մեկ օր անց շրջվել է:
2014 թվականին Միջերկրական ծովում զոհվել է ավելի քան 3000 ներգաղթյալ, որոնք փորձել են ծովի միջոցով հասնել Եվրոպայի ափեր: Ընդհանուր ամռմամբ, 2014 թվականին նման փորձ կատարել է ավելի քան 207.000 ներգաղթյալ: Դա եռակի գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: 2000 թվականից սկսած՝ Միջերկրական ծովում զոհվել է ավելի քան 22.000 փախստական:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախորդ տարվա նոյեմբերի վերջին հայտարարել էր. «Մենք չպետք է թույլ տանք, որ Միջերկրական ծովը վերածվի վիթխարի գերեզմանոցի»: