Մենք չպետք է թույլ տանք, որ Միջերկրական ծովը վերածվի վիթխարի գերեզմանոցի. Հռոմի պապ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպան պետք է ստեղծի միասնական ու արդար միգրացիոն օրենսդրություն: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Նրա խոսքերով` հազարավոր ներգաղթյալներ ունեն օգնության և ոչ թե շահադիտական քաղաքականության կարիք, որը ռիսկի է ենթարկում նրանց կյանքն ու հրահրում է սոցիալական կոնֆլիկտներ:
Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է օգնեն ներգաղթյալներին, որոնք ծովային ճանապարհով Եվրոպայի ափեր են հասնում Աֆրիկայում: Նա հիշեցրել է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքը, երբ Սիցիլիայի ու Հյուսիսային Աֆրիկայի միջև ընկած ջրերում փրկեցին 600 ներգաղթյալի.
«Մենք չպետք է թույլ տանք, որ Միջերկրական ծովը վերածվի վիթխարի գերեզմանոցի: ԵՄ-ի կողմից ներգաղթյալների հանդեպ հետևողական քաղաքականության բացակայությունը հանգեցնում է սոցիալական լարվածության ու ստրկական աշխատանքի առաջացմանը»:
Ֆրանցիսկոսը եվրոպացի օրենսդիրներին կոչ է արել ավելի ակտիվորեն ստեղծել նոր աշխատատեղեր ու ընդունել ներգաղթյալների: Նա ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայում այլևս չի արժևորվում մարդկային արժանապատվությունը. «Եվրոպան, դադարելով ընդունել կյանքի հոգևոր կողմը, ռիսկի է դիմում ժամանակի հետ մեկտեղ կորցնել իր ոգին»:
Ներգաղթի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով` 2014 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվել է 3200 ներգաղթյալ: