Ռուսաստան մուտք գործելը փակվել է ավելի քան 1.3 միլիոն օտարազգու համար. Ռոմոդանովսկի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը երկրի մուտքը փակել է 1.309.000 օտարազգու առջև: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նա մանրամասնել է, որ 8000 օտարազգի ներգաղթյալի համար Ռուսաստան մուտք գործելու վրա արգելք է դրվել 10 տարի ժամկետով: Ուշադրություն է հրավիրվում, որ դա հանդիսանում է ներգաղթյալների աշխատելու առավել ակտիվ ժամանակաշրջանը, ինչից հետո կտրուկ անկում կապրի նրանց աշխատունակությունը.
«Մենք կամաց-կամաց ներգաղթյալներին սովորեցնում ենք հարգել մեր օրենքները: Դա թանկ է արժենում»: Ռոմոդանովսկին նպատակային չի համարել ներկա պահին ներգաղթյալների համար համաներում հայտարարելը:
Սրանից առաջ էլ Ռոմոդանովսկին հայտարարել էր, որ իրենք բազմաթիվ առավելություններ են շնորհում ԵՏՄ երկրները ներկայացնող աշխատանքային ներգաղթյալներին: